Գորիսի
դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ
հրաձգության փաստին առնչվող գործը և հրապարակել է Արտակ Բուդաղյանի նկտամամբ
մեղադրանքը:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013-ի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Արտակ Բուդաղյանի գործով դատավարությունը կանցկացվի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մետ հրաձգության
արդյունքում զոհվել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավետիք
Բուդաղյանը: Նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վիրավորումով
տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Գործով ձերբակալված Տիգրան Խաչատրյանի (Սուրիկ Խաչատրյանի որդին) և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Դրանից հետո Արտակ
Բուդաղյանին մեղադրանք էր ներկայացվել Խաչատրյանի տան վրա հարձակման համար: