Մեծ քառյակի միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը /անցյալում` Ernst & Young/ հայտարարել է իր ապրանքանիշի նոր անվանումը` EY, ներկայացրել է նոր պատկերանիշը և հաստատել է ՙԿառուցելով բարեկեցիկ աշխարհ՚ նշանաբանը` որպես գործունեության նպատակ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում, այսուհետ ՙԿառուցելով բարեկեցիկ աշխարհ՚-ը դառնում է թե` EY ընկերության գործունեության նպատակը, թե’ ապրանքանիշի հիմքում ընկած նշանաբանը: ՙՄենք գիտակցում ենք, որ բարեկեցիկ աշխարհ կառուցելը դժվար հասանելի նպատակ է, սակայն այն մեծ նշանակություն ունի մեզ համար և որոշիչ կլինի ընկերության գործունեության բոլոր ուղղություններում՚,- ասել է EY ընկերության նորանշանակ ղեկավար Մարկ Վայնբերգերը: Նշենք, որ Մարկ Վայնբերգերը EY գլոբալ ընկերության Տնօրենների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնում Ջիմ Թերլիին փոխարինել է ընթացիկ տարվա հուլիսի սկզբին:
Ընկերության նոր ղեկավարը տեղեկացրել է, որ ընկերության անվանման կրճատումը կապահովի ամբողջ աշխարհում և գործողության բոլոր ուղղություններում օգտագործման ընդհանրություն և պարզություն EY ընկերությունների հաճախորդների համար: Ընկերությունը, հաղորդել է նա, փոխել է նաև իր պատկերանիշը, որում արտացոլել ենք ընկերության ապրանքանիշի նոր անվանումը:
ՙՄենք համոզված ենք, որ այն ամենն ինչ մենք անում ենք` յուրաքանչյուր աուդիտորական եզրակացություն, յուրաքանչյուր հարկային հաշվետվություն, յուրաքանչյուր խորհրդատվական ծրագիր, հաճախորդի հետ յուրաքանչյուր համագործակցություն, պետք է նպաստի բարեկեցիկ աշխարհ կառուցելուն՚,- ասել է նա: Այնուհետև Մարկ Վայնբերգերը նշում է. ՙԲարեկեցիկ աշխարհում աճում է վստահության աստիճանը, ինչն իր հերթին նպաստում է կապիտալի անխոչընդոտ շարժի և ներդրողների կողմից ավելի հիմնավորված որոշումների կայացմանը: Ձեռնարկատիրական գործունեությունը կայուն տեմպերով զարգանում է, աճում է զբաղվածության մակարդակը, ավելանում են սպառողական ծախսերը, ընկերությունները ներդրումներ են կատարում հասարակության զարգացման նպատակով: Բարեկեցիկ աշխարհը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև պայմաններ է ստեղծում տաղանդների բացահայտման և հնարավոր բոլոր ուղղություններով զարգացման համար և նպաստում է համագործակցությանը՚:
Անդրադառնալով ընկերության կորպորատիվ արժեքներին, Մարկ Վայնբերգերը բացատրում է. ՙEY ընկերության արժեքները հիմնավոր սկզբունքներ են և որոշիչ են մեր կորպորատիվ մշակույթի ձևավորման հարցում: Դրանք արդյունավետ աշխատանքի ամենակարևոր աղբյուրներից են: Մենք կոչ ենք անում մեր աշխատակիցներին ցուցաբերել սկզբունքայնություն, հարգանք և թիմային ոգի և նրանցից ակնկալում ենք եռանդ, ոգևորվածություն և համարձակություն` առաջնորդելու և ճիշտ գործողությունների հիման վրա հարաբերություններ կառուցելու նպատակով: Փոփոխությունների մեր ձգտումներում մենք հիմնվում ենք մեր միջազգային ցանցի, հաճախորդների, պետական կառույցների և այլ շահառու անձանց հետ ստեղծված փոխհարաբերությունների վրա: Ընկերության էությունը, արժեքները և ամենակարևորը` գործողությունները, նպաստում են վերոնշյալ խնդիրների լուծմանը՚:
Նշենք, որ EY ընկերությունը առաջատար դիրք է գրավում աուդիտորական, հարկային, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայությունների համաշխարհային շուկայում. ՙմեր գիտելիքները և ծառայությունների որակն օգնում են ամրապնդել հանրության վստահությունը կապիտալի շուկաների և տնտեսության նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում: Մենք ձևավորում ենք նշանավոր առաջնորդներ, որոնց ղեկավարության ներքո մեր աշխատակազմը մշտապես կատարում է իր վրա դրված պարտավորությունները: Այդպիսով, մենք զգալի ներդրում ենք ունենում բարեկեցիկ աշխարհ կառուցելու հարցում` ի նպաստ մեր աշխատակիցների, հաճախորդների և ընդհանրապես հասարակության՚: Ընկերությունը մշտապես ընդլայնում է իր ծառայությունների և ռեսուրսների շրջանակը՝ հաշվի առնելով ԱՊՀ տարբեր շրջաններում հաճախորդների կարիքները: Ընկերության 19 գրասենյակներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Տոլյատիում, Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Ալմաթիում, Աստանայում, Աթիրաուում, Բաքվում, Կիևում, Դոնեցկում, Տաշքենդում, Թբիլիսիում, Երևանում և Մինսկում աշխատում են շուրջ 4500 մասնագետներ: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկա է 1999 թվականից, սակայն ակտիվ գործունեություն է ծավալել 2008 թվականից, երբ երևանյան գրասենյակը մտավ ԱՊՀ ենթատարածաշրջանի կազմի մեջ: