Մաքսային
միությունն իր մոդելով ու էությամբ նման է նախկին ԽՍՀՄ-ին և Հայաստանի
անդամակցումն այդ կազմակերպությանը նշանակում է` վերադարձ դեպի խորհրդային
ժամանակներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքերով,
գնահատելով իր տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև գլոբալ տնտեսությունից
դուրս մղվելու վտանգը, դեռ 90-ական թվականներին Ռուսաստանը հանդես եկավ խոշոր
միավորում ստեղծելու նախաձեռնյությամբ` որպես ԵՄ հակակշիռ: «ՄՄ մոդելը շատ է նման
ԵՄ մոդելին, իր էությամբ, միասնական օրենքներով, առանձ վիզաների ռեժիմով, ազատ
տեղաշարժով, մասնական արժույթի գաղափարով և այլն: Միայն մեկ տարբերությամբ, որ ԵՄ
ավելի առաջադեմ մարմին է, ազատ ու զարգացող, ի տարբերություն ռուսական բծախնդրությանն
ու հետամնացությանը»,-ասել է Մակարյանը:
Նա նշել է, որ ՄՄ
երեք անդամներից (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Հայաստանի հետ առևտրի իրական
գործընկեր է հանդիսանում միայն Ռուսաստանը: Բելառուսը Հայաստանի արտաքին առևտրի ծավալների
ցանկում զբաղեցնում է 16 տեղը, կազմելով ընդհանուր շրջանառության 0.8%-ը, Ղազախստանը`
26 տեղում է (0.2%), իսկ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է Հայաստանաի արտաքին
առևտրի շրջանառության 22%-ը: «ՄՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանը Հայաստանին
կփորձի ստիպել գնել իր արտադրած ապրանքները: Հայաստանն ստիպված կլինի գնել այդ
ապրանքները, չնայած դրանց որակին, քանի որ մյուս երկրներից ներմուծման ծախսերը
կաճեն առնվազն 10%: Ստացվում է, որ ՄՄ կանոների շրջանակներում մենք ստիպված
կլինենք գնել ռուսական ցածր կամ միջին որակի ապրանքներ, ինչպես նախկինում գնում
էինք նախկին ԽՍՀՄ արտադրած ապրանքները»,-հայտարարել է Մակարյանը:
Նա հայտարարել է,
որ Հայաստանը դրա դիմաց Ռուսաստանին առաջարկելու ոչինչ չունի, քանի որ հանդիսանում
է թույլ զարգացող տնտեսություն ունեցող երկիր: 2012 թվականին Հայաստանից Ռուսաստան
արտահանման ընդհանուր 270 մլն.դոլար ծավալների կառուցվածքում միայն ալկոհոլային
խմիչքները կազմել են 136 մլն.դոլար: (Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության
տվյալների, 2013 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կազմել են
334.5 մլն.դոլար, իսկ ռուսական ներմուծումը դեպի Հայաստան կազմել է 1.1
մլրդ.դոլար):
Հայաստանի
արտաքին առևտրի ծավալների մոտ 52%-ն ընկնում է Ռուսաստանին և Եվրամիությանը:
Մասնավորապես, Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 22%, իսկ ԵՄ մասնաբաժինը` 30%:
Մյուս երկրներից Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ «եղանակ» կարող են
ստեղծել նաև ԱՄՆ, Չինաստանը, Թուրքիան և Իրանը, նշել է Մակարյանը: