«Որոտանի
ՀԷԿ» պետական
ՓԲԸ բաժնետոմսերն անհրաժեշտ
էր առաջարկել
հանրությանը: Այս մասին այսօր
Երևանում կայացած
մամուլի ասուլիսում
հայտարարել է հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր
Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով «Կոնտուր
Գլոբալ Հիդրոկասկադ» ամերիկյան
ընկերությանը կասկադի
վաճառքի վերաբարյալ
ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ
Քոչարյանի հարցազրույցը:
Հիշեցնենք, որ հունիսի
23-ին erkir.am կայքի հետ հարցազրույցում Ռոբերտ
Քոչարյանը հայտարարել էր, որ Որոտանի ՀԷԿՀ սեփականաշնորհման գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է, իսկ մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Նրա խոսքով, Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով` անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը): «Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես` ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը», -կարծում է երկրորդ նախագահը, նշելով, որ առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը, և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությանը բոլոր հնարավոր դատական վեճերում: «Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության) դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանն առհասարակ չի մասնակցել» - նշել է Ռ. Քոչարյանը, ընդգծելով, որ քանի դեռ ուշ չէ, հարկավոր է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից: «Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Չնայած,
պետք է նշել, որ գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի (գնման ձևի իմաստով) ձեռքբերում է», - կարծում է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչպես նշում է Մանասերյանը, Կասկադի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի
գինը տասնյակ անգամներով գերազանցում է վերջնական սպառողին վաճառվող գնից: Իսկ
նման տարբերություն Հայաստանում կարելի է հանդիպել ամենուր, ինչն էլ գրավում է
օտարերկրյա ներդրողներին: «Ներդրողները հենց այնպես չեն գալիս ու գումարներ
ներդնում»,- գտնում է տնտեսագետը, հավելելով, հանրապետությունն ի վիճակի է
կազմակերպել Կասկադի գործունեույթունը: Մանավանդ, որ նման օրինակները երկրում
չափից շատ են, օրինակ, «Հայաստանի էլցանցերի», «ՀայՌուսգազարդի» վաճառքները:
Սակայն, կարելի էր նաև Որոտանի ՀԷԿ-ի բաժնետոմսերի մի մասը վաճառել երկրի
հանրությանը, իսկ մյուս մասը`սփյուռքի ներկայացուցիչներին: «Նման մոտեցումներով
մենք ինքներնս ենք մեզ դնում կախվածության մեջ: Այդ մոլուցքը չպետք է շարունակվի
Հայաստանի տնտեսությունում»,-ասել է Մանասերյանը, կոչ անելով կառավարությանը ուքի
գալ և ուշադրություն դարձնել ներքին ներդրումների վրա: Նա նշել է, որ վերջին
տարիներին Հայաստանում հաճախ է նկատվում մի ծայրահեղությունիեց մյուսին անցնելու
միտում: Ընդ որում, խախտվում է սեփականության ձևերի բազմազանութունը, որոնց
բացակայությունն էլ բերում է, այդ թվում նաև էներգակիրների, գների աճին:
Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը, պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ իր
հերին է գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ոչ մի նոր բան չկա: «Այդ
մասին գիտի երկրի ողջ հանրույթունը»,-հայտարարել է Բոստանջյանը, անընդունելի
անվանելով այն իրավիճակը, երբ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար
կասկադը վաճառվում է ամերիկյան ընկերությանը: «Դա սխալ մոտեցում է, քանի որ բոլոր
դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել պետության շահերը: Ու կարևոր չէ, թե խոսքը
գնում է Որոտանի կասկադի, «Նաիրիտ» գործարանի կամ օգտակար հանածոների հանքավայրերի
մասին: Ցանկացած պարագայում, անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության և պետության
շահերը, որի բացակայության պայմաններում անհրաժեշտություն չի լինի խոսել այն
մասին, թե ում է վաճառվել տվյալ օբյեկտը` ամերիկացիներին, թե ռուսներին: Նման
մոտիվացիաներ ես չեմ ընդունում»,-ասել է Բոստանջյանը: Նա հավելել է, որ իշխանական
կառույցներում լավ են հասկանում տեղի ունեցածը, բայց լռում են, վախենալով իրենց
բիզնեսի ճակատագրից: Նա հիշեցրել է ՀՀ խորհրդարանի 4 ոչ իշխանական
խմբակցությունների 12 կետից բաղկացած առաջարկի մասին, որոնցից մեկով առաջարկվում է
բացառել պետական թալանը: «Բայց իշխանությունը խոսում է առաջարկի ոչ համակարգային
լինելու մասին, դրանով իսկ ընթացք տալով թալանի շարունակությանը»,-եզրափակել է
Բոստանջյանը:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայ-ամերիկյան կառավարական հանձնաժողովի նիստի
արդյունքներով որոշում ընդունվեց «Որոտան կասկադ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը 180 մլն.դոլարով վաճառելու
մասին: Ամերիկյան ընկերությունն առաջիկա 6 տարիներին ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտանի կասկադի անխափան և շարունակական շահագործումը:
Կասկադի կազմում են Որոտան գետի վրա գտնվող երեք` Տաթևի, Շամբիի և Սպանդարյանի կայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա, 1.16 մլրդ.կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: Նշենք, որ «Կասկադն» արդիականացման կարիք ունի, իսկ նշված ներդրումները խոշորագույնն են Հայաստանի տնտեսությունում ամերիկյան մասնավոր ընկերության կողմից, ինչպես նաև ԱՄՆ առաջին կապիտալ ներդրումը Հայաստանի տնտեսությունում: