2013 թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված և աչքի են ընկել մարդու հիմնարար ազատությունների պահպանման բարձր մակարդակով, ասվում է Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ զեկույցում`ներկայացված ապրիլի 22-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:
Զեկույցի հեղինակ`ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ղեկավար Կարեն Ուոլդսեթն ընտրությունները բնորոշել է որպես ՙժողովրդավարության թեստ՚: Փաստաթղթում ասվում է, որ 2013 թ. Հայաստանի նախագահական ընտրություններն ընթացել են խաղաղ և հանգիստ, թերություններ նկատվել են ընտրատեղամասերի ընդամենը 5% -ում:
Թերությունները, փաստաթղթի հեղինակների համաձայն, վերաբերել են, մասնավորապես, ընտրացուցակներում անճշտություններին, վարչական ռեսուրսի չարաշահմանը, քվեարկածների անձնագրերում կնիքների հետ կապված խնդիրներին: ՙԱյս ամենը հանգեցնում է ընտրողների շրջանում կասկածների առաջացման՚,- հայտարարել է խորհրդարանականը`ավելացնելով, որ ևս մեկ բացասական երևույթ է տարբեր աղբյուրներից ստացված բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերի խիստ պակաս քանակությունը`10 քրեական գործ խախտումների շուրջ 300 դեպքերի առնչությամբ: Ուոլդսեթը նաև քննադատել է վստահված անձանց հաճախակի միջամտությունը քվեարկության գործընթացին, ինչը տեղ-տեղ հանգեցրել է լուրջ խախտումների:
ԵԽԽՎ-ում ափսոսանք են հայտնել նաև ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ մի քանի խոշոր քաղաքական ուժերի որոշման առնչությամբ: Այդ բացասական միտումները, Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների գնահատմամբ, խախտում է ընտրական գործընթացի նկատմմաբ հասարակական վստահությունը:
Դրական երևույթների թվում առանձնացվել են սահմանափակումների բացակայությունը ընտրարշավ անցկացնելիս, հավասարակշռված լուսաբանումը պետական լրատվամիջոցների կողմից: Զեկույցի հեղինակները համոզմունք են հայտնել, որ 2013 թ. նախագահական ընտրությունները նախորդների համեմատ ավելի լավ էին կազմակերպված: