Մաքսային միությանն անդամակցելու հարցում ոչ ոք մեզ վրա ճնշում չի գործադրել, և Հայաստանը պատրաստ է Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Իհարկե, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը միանգամայն այլ բան է, սակայն նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը`հաշվի առնելով, որ ոչ մի կերպ չի հակասում ՄՄ-ին, մենք պատրաստ ենք: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
ՙԵՄ ներկայացուցիչները վաղը կլինեն Հայաստանում, կհանդիպեն մեր ղեկավարության հետ, և այդ հանդիպումների արդյունքում կընդունվի որոշում, ըստ որի`մենք կշարունակենք ԵՄ հետ համատեղ աշխատանքը`բարեփոխումների նպատակով: Մենք շարունակում ենք հանդիպումները և բանակցությունները`ԵՄ հետ Հայաստանի շահերից բխող հարաբերությունները խորացնելու մտադրությամբ: Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելիս որևէ շտապողականություն չի եղել, և երբ փաստաթուղթը պատրաստ լինի, այն կներկայացվի խորհրդարանին՚,- ընդգծել է Աբրահամյանը: ԱԺ նախագահի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի համար շահավետ է ինչպես տնտեսական, այնպես էլ`քաղաքական առումով: