Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ընդունում է, որ Air Armenia ընկերության`շուկա դուրս գալուց հետո տոմսերի գները Հայաստանում նվազել են`այն ուղղություններով, որոնցով ընկերությունն սկսել է թռիչքներ իրականացնել:
ՙԱյո, ընդունում եմ, որ Հայաստանում ավիատոմսերի գների նվազումը կապված է Air Armenia ընկերության կողմից թռիչքների իրականացում սկսելուց հետո: Նրանք ճիշտ են ասում, ժամանակային կտրվածքով դա այդպես է: Երբ նրանք սկսեցին տոմսեր վաճառել դեպի Մոսկվա, գները կտրուկ նվազեցին, նույնը տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղությամբ՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը: Միաժամանակ նա նշել է, որ գների իջեցումը չի կարելի դեմփինգ համարել, քանի որ տոմսերի գներն ինքնարժեքից ցածր չեն, և ընկերությունները եկամուտներ են ստանում:
Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերին Air Armenia ընկերութան տնօրեն Արսեն Ավետիսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում հայտարարել էր, որ ավիատոմսերի գների իջնելն ուղղակիորեն կապված է Air Armenia ընկերության թռիչքների, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարության կողմից «բաց երկրնքիե քաղաքականություն հայտարարելու հետ: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Air Armenia սկսեց տոմսերի վաճառքը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, ռուսական Աէրոֆլոտ և S7 ընկերություններն իսկույն իջեցրեցին գները 40%-ով: Աննախադեպ ցածր գներ ձևավորվեցին նաև դեպ Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սոչի ուղղություններով, և կրկին այն բանից հետո, երբ Air Armenia-ն սկսեց տոմսեր վաճառել այդ ուղղություններով: Նշենք, որ Air Armenia ընկերությունն իր ուղին սկսել է 2003 թվականին` բացառապես որպես օդային բեռնափոխադրող ընկերություն, և միայն Արմավիայի սնանկացումից հետո սրընթաց կերպով մուտք գործեց օդային ուղևորափոխադրումների շուկա: Առաջին ուղևորատար չարտերային չվերթն ընկերությունն իրականացրեց հոկտեմբերի 23-ին դեպի Դոնի Ռոստով, իսկ առաջին կանոնավոր չվերթը` հոկտեմբերի 27-ին դեպի Մոսկվա: Ներկայումս ընկերությունն ունի 2 ինքնաթիռ` Boeing 737-500 և Airbus320: