ՙԴեմ եմ՚-ը միակ շարժումն է, որը կարող է իրական փոփոխությունների հանգեցնել երկրում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Նրա խոսքով, քաղաքական բոլոր միավորումները ֆիկտիվ բնույթ ունեն և մոլորեցնում են ժողովրդին: ՙԲՀԿ ընդդիմադիր դիրքորոշումը ձևական բնույթ է կրում, քանի որ վերջինիս տեղը ՙբարիկադներում՚ որոշում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՚,- նշել է նա:
Նա տարակուսանք է հայտնել նաև այն առնչությամբ, որ ընդդիմադիր ՙԺառանգությունը՚, ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը փորձում են համախմբվել ԲՀԿ շուրջը: ՙԸստ երևույթին, նրանք բոլորը հասկանում են, որ ապագա չունեն և փորձում են տեղ գտնել ԲՀԿ թեևի տակ՚,- հայտարարել է նա: Սադոյանն ընդգծել է, որ եթե այդ քաղաքական ուժերն իրականում ցանկանում են դրական փոփոխություններ, պետք է համախմբվեն ՙԴեմ եմ՚ շարժման շուրջը ու պայքարեն քաղաքացիների իրավունքների համար: ՙԱյժմ դա այն ուժն է, որը միավորել է հասարակությանը, այն ունի հստակ նպատակներ, և ժողովուրդը հավատում է նրանց, հետևաբար`քաղաքական ուժերի աջակցությունը միմիայն կօգնի համահայկական քաղաքացիական շարժմանը, որը հետագայում կարող է վերածվել քաղաքականի՚,- նշել է Սադոյանը:
Նա նաև նշել է, որ հենց շարժման առաջադրած խնդիրները, և, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հիմնական առիթն էին: ՙԱյժմ անիմաստ է գուշակել, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, քանի որ անձերի փոփոխությունը զգակի փոփոխությունների չի հանգեցնի՚,- ասել է նա: