Որոտանի ՀԷԿՀ սեփականաշնորհման գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ
էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի
տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի
երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը erkir.am-ում
հրապարակված հարցազրույցում:
Նրա
ասելով, Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ
կասկածելի ձևով` անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհդրարանը):
«Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի
օտարման եղանակով; Այնպես` ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային
կահույքը», - կարծում է երկրորդ նախագահը, նշելով, որ առք ու վաճառքի համաձյնագիրը
անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը, և չափազանց խոցելի է
դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: «Ակնհայտ է նաև,
որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների
բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության)
դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ
Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանն
առհասարակ չի մասնակցել» - նշել է Ռ. Քոչարյանը, ընդգծելով, որ քանի դեռ ուշ չէ,
հարկավոր է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից:
«Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած
անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի
համար էլ սա չափազանց կասկածելի (գնման ձևի իմաստով) ձեռքբերում է», - կարծում է
Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք,
որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն
ավելի վաղ հայտարարել էր, որ Որոտանի ՀԷԿՀ լիցենզիայի գործողության ժամկետը
կերկարաձգվի: Նրա ասելով, դրա վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել, սակայն
լիցենզիայի տրամադրումից հետո այդ գործընթացն զգալիորեն կարագանա: