Վարչապետ Տիգրան Սարգսյանին կարող են զոհաբերել հանուն իշխանական բուրգի հետագա պահպանման, և օֆշորային սկանդալն այդ սցենարի մի մասն է: Հունիսի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարություն էր ներկայացրել Hetq.am կայքում հրապարակված` ՙՈվ է Փայլակ Հայրապետյանին զրկել գույքից. օֆշորային եռյակ՚ հրապարակման կապակցությամբ` խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հրապարակված նյութը: Համաձայն նշված հրապարակման, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և ալմաստի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ոչ Կիպրոսում, և ոչ էլ օֆշորային այլ գոտիներում ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի չի լիազորել իր անունից գրանցել որևէ կազմակերպություն:
Մանուկյանի ասելով, թեև ինքը չի կասկածում այդ հրապարակման ճշմարտացիությանը, այդուհանդերձ, վարչապետը բնավ միակ պաշտոնյան չէ, ում վերաբերյալ վարկաբեկող նյութեր կան: ՙՄեզ հայտնի պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր ՙդոսիեն՚, որը դրված է բուրգի վերևում գտնվող մարդու` Սերժ Սարգսյանի սեղանին: Եվ այդ ՙդոսիեները՚ ցանկացած պահի կարող են օգտագործվել մեկ-երկու մարդու դեմ` մյուսներին վախեցնելու համար՚, - նշել է Մանուկյանը:
Ընդդիմադիր գործիչը նաև ներկայացում է համարում պետական կառույցների կողմից բազմաթիվ չարաշահումների և բյուջեի միջոցների վատնման վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացումը: Մանուկյանի կարծիքով, այդ շոուն կոչված է, մի կլողմից, տպավորություն ստեղծելու բարեփոխումների և իշխանության ներսում ՙինքնամաքրման՚ մասին, մյուս կողմից, դարձյալ, վախեցնելու ՙանհնազանդ՚ պաշտոնյաներին: Այդ համատեքստում Մանուկյանը նշել է իշխանության ներսում վախի մթնոլորտի առկայության մասին, և դրա տեսանելի վկայություններից մեկը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից ռուսական գազի գնի բարձրացման շուրջ պայմանագրի ստորագրման ստույգ ժամկետն իմանալու պատգամավորի անհաջող փորձերն են: ՙՄարդիկ վախեցած են: Ըստ երևույթին, ՙվերևից՚ ինչ-որ մեկը նախարարին սպառնացել է չհաղորդել այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման ամսաթիվը: Հենց այդ պատճառով Մովսիսյանը ոչ մի կերպ չի կարողանում հիշել և պատասխանել իմ հարցին՚, - հայտարարել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է այն բանի համար, որ վերջինս ընտրությունների նախաշեմին հասարակությունից թաքցրել է գազի թանկացման արդեն իսկ կատարված փաստը: