Գոյություն ունեցող ընտրական համակարգի պարագայում Հայաստանում ընտրութունների միջոցով իշխանափոխությունն անհնար է դառնում, այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Քաղաքական գործիչը հանդես է եկել խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությամբ: Նա գտնում է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հիմնականում հաղթանակի են հասնում անձնական կապերի և կաշառքի միջոցով: ՙՔանի որ չեք ցանկանում հրաժարվել մեծամասնական համակարգից, եկեք խորհրդարանում այդ մեծամասնական տեղերի համար մրցույթ հայտարարենք: Գոնե այդ ժամանակ ավելի ազնիվ կլինի՚,- դիմել է նա Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Ռուստամյանը նաև հեգնանքով հայտարարել է, որ կարելի է ընդհանրապես անցում կատարել 100% մեծամասնական ընտրակարգի, ինչպես հարևան Ադրբեջանում: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նույնպես հանդես գալով այդ նախաձեռնության օգտին, նշել է, որ այդ բարեփոխումը կբարձրացնի խորհրդարանի մակարդակը: Նա նշել է, որ 41 պատգամավորից ընդամենը հինգն է պատգամավորական գործունեությամբ զբաղվում:
Մեծամասնական պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել է, որ մատնանշված բոլոր բացասական երևույթները ընտրական համակարգի ընդհանուր անկատարության հետևանք է: ՙԵկեք ունքը դզելու փոխարեն`աչքն էլ չհանենք՚,- նշել է նա:
Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը նշել է, որ ընտրությունների ժամանակ ՙբիզնեսով՚ ընդդիմությունն է զբաղվում, մասնավորապես` կուսակցական ցուցակները կազմելու գործընթացում: 100% համամասնական ընտրակարգին անցումը Բադեյանը հակաժողովրդական է համարել, քանի որ այն զրկում է անկուսակցականներին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին, մեկնաբանելով Բադեյանի վերջին դիտողությունը, նշել է, որ երկրում ստեղծված իրողությունները հաշվ առնելով` նման խտրականության գնալն անհրաժեշտ է, քանի որ դա օգտակար կլինի հասարակությանը: