Անփութության համար «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Մշակույթի նախարարությունից, պատճառն այն է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը:
Հիշեցնենք, որ օրերս համանման դեպք էր արձանագրվել Գառնի պատմամշակութային
արգելոցում, ուր զբոսաշրջիկները մի քանի օր շարունակ չէին կարողացել մուտք գործել,
քանի որ հունիսի 18-ին Հայաստանի ԿԲ կորպորատիվ երեկո էր կազմակերպել Գառնիի տաճարի տարածքում, իսկ դրան նախորդել էր այդ միջոցաձման նախապատրաստումը:
Այդ
առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում
հայտարարել էր, թե Գառնիի տաճարի տարածքում միջոցառում անցկացնելու մեջ սարսափելի ոչինչ չկա, և օրենքը դա չի արգելում: Նրա
հավաստմամբ, Մշակույթի նախարարությունն իրավունք ունի վարձակալության հանձնել օրենքով գերատեսչությանն ամրագրված մատմամշակութային հուշարձանների տարածքները: «Առավել ևս, որ խոսքը վերաբերում է միջոցառմանը, որը, ըստ էության, գովազդում է հինավուրց պատմական հուշարձանը», - ասել էր ՊՈԱԿ տնօրենը: Ինչ վերաբերում է միջոցառման պատճառով տաճարի տարածքը փակելուն, ապա, Պողոսյանի ասելով, ցանկացած հաստատություն, նույնիսկ, եթե դա պատմամշակութային հուշարձան է կամ արգելոց, իրավունք ունի ամսվա մեջ մեկ օր չաշխատել: Ընդ որում Պողոսյանը նշել էր, որ Գառնիի տաճարի տարածքում երեկո կազմակերպելու դիմաց Կենտրոնական բանկը 1 մլն 120 հազար դրամ է վճարել: