ՙՄաքուր էներգիա՚ Հասարակական կազմակերպությունը և ՙՍոլարթ՚ ՓԲԸ նախագծային աշխատանքներ կիրականացնեն արևային էներգետիկայի ոլորտում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ-ից, ապրիլի 22-ին ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ-ն համագործակցության հուշագիր կնքեց ՙՍոլարթ՚ ՓԲԸ հետ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համատեղ ուժերով նպաստել Հայաստնում էներգետիկայի ոլորտի հումանիզացման ու ժողովրդավարացման գործընթացին: Կազմակերպությունները պարտականություն ստանձնեցին անցկացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում արևային էներգիայի ներուժի բացահայտմանն ու ուսումնասիրմանը:
ՙՀայաստանում շատ կարևոր է աջակցել էներգետիկ ոլորտում գործարարության կայուն և շարունակական զարգացմանը: Տարվա սկզբին մենք հայտարարել էինք, որ համախմբելու ենք մեր շուրջ ոլորտի առաջատարներին՝ կամրջի դեր խաղալով պոտենցիալ դոնորների և տնտեսվարող սուբյեկտների միջև: Այս քաղաքականությունն արդեն իր պտուղներն է տալիս: Մեր գործընկերների ակումբին միացավ նաև «Սոլարթե ընկերությունը, որն, անկասկած, Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատարն է և հայտնի է մի շարք իրականացված խոշոր նախագծերով՚, - նշեց ՙՄաքուր Էներգիա՚ ՀԿ նախագահ Վահե Դավթյանը: Նրա խոսքերով, Հայաստանը զգալի առավելություններ ունի արևային էներգետիկան զարգացնելու համար արևադարձային գոտուն մոտ լինելու և բարենպաստ կլիմայական պայմանների հաշվին: ՙ1 քմ հորիզոնական մակերևույթի համար մեր երկրի արևային էներգիայի միջին տարեկան մեծությունը կազմում է 1720 կՎտ–ժ/քմ, այն դեպքում, երբ Եվրոպայում տվյալ ցուցանիշը կազմում է ընդամենը 1000 կՎտ–ժ/քմ՚, - հավելեց Վ. Դավթյանը:
ՙՍոլարթ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթին Մելիքյանն իր հերթին ընդգծեց, որ ոլորտի ձեռնարկությունների միջև ակտիվ համագործակցության հաստատումը ռազմավարական լուրջ խնդիր է լուծում, քանի որ ՀՀ էներգետիկ հիմնախնդիրների լուծման համար նախ և առաջ անհրաժեշտ է լիարժեք կոոպերացիայի կայացումը տնտեսվարողների միջև՝ թե' տեղեկատվության փոխանակման, թե' համատեղ նախագծերի իրականացման և թե' կոնսուլտացիոն աշխատանքների ասպարեզներում: ՙԱյլընտրանքային էներգիայի՝ որպես համակարգի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ցուցաբերել կոմպլեքսային մոտեցում. ոլորտի բոլոր կառույցները պետք է դիտարկվեն որպես մեկ ընդհանուր շղթայի օղակներ: Այս առումով ՙՄաքուր էնրգիա՚ ՀԿ-ի նախաձեռնությունն շատ ողջունելի է: Մենք պատրաստ ենք աջակցել ՀԿ-ին և իրականացնել համաձայնեցված նախագծային աշխատանքներ՚, - նշեց Ա. Մելիքյանը:
Նշենք, որ ՙՄաքուր էներգիա՚ ՀԿ հիմնադրվել է 2012 թ. դեկտեմբերին: Կազմակերպության նպատակն է բազմակողմ աջակցություն ցուցաբերել Հայաստանի էներգետիկ անվտանգության կայացմանն ու զարգացմանը էներգետիկայի` որպես առանցքային տնտեսական կատեգորիայի հումանիզացիայի և ժողովրդավարացման ճանապարհով։ Այսպիսով, կազմակերպությունն իր առաջ խնդիր է դնում բազմակողմ ուսումնասիրման ենթարկել ՀՀ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ներուժը` այն դիտարկելով որպես անհրաժեշտ տարր էներգետիկ անկախության ապահովման գործում։
ՙՍոլԱրթ՚ ՓԲԸ մշակում է հիբրիդային էներգոխնայող ջեռուցման համակարգեր, որոնք աշխատում են ինչպես ավանդական վառելիքով, այնպես ել օգտագործելով արևի էներգիան: ՙՍոլԱրթ՚ ՓԲԸ-ն մատուցում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էներգախնայող ջեռուցման համակարգերի նախագծում, արտադրություն և տեղադրում, արևային մարտկոցների, մեքենաների և արտադրական սարքավորումների, ավտոմատ հոսքագծերի նախագծում և պատրաստում, եռաչափ մոդելավորում և բանվորական գծագրերի մշակում: Ընկերության նպատակն է հաշախորդներին ապահովել էնէրգախնայող լուծումներով և զերծ պահել նրանց էներգիայի գների տատանումից: