Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության իրական երաշխիքներ է տալիս, և Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պետք է դիտարկել առաջին հերթին այդ համատեքստում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխարհագրական առումով շատ բարդ դրության մեջ է գտնվում, և ոչ բոլոր հարևանների հետ կարող է գործընկերային հարաբերություններ զարգացնել:
Բացի այդ, նախարարի խոսքով, Հայաստանի անվտանգությունն ապահովվում է ՀԱՊԿ շրջանակներում: ՙԿարծում եմ` ՄՄ մասով մենք ճիշտ ենք վարվել՚,- ասել է նախարարը: Նա ավելացրել է, որ եթե մանրամասն ուսումնասիրենք Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող իրավական և պայմանագրային դաշտը, ինչպես նաև վերլուծենք փոխգործակցության ընթացքը, կարելի է համոզվել, որ անվտանգության երաշխիքներ գոյություն ունեն ամենևին ոչ թղթի վրա: ՙԱյս տարի մենք մշակել ենք ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել, այլ նաև էլ ավելի զարգացնել այդ գործընկերությունը՚,- նշել է Օհանյանը: