Լեռնային Ղարաբաղը չպետք է տուժի Երևանի քաղաքականությունից ԵՄ դժգոհության պատճառով, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը`ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Եվրախորհրդարանի ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ՚ բանաձևի` Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները:
Ֆարմանյանը, մասնավորապես, նշել է, որ փաստաթղթում առկա ձևակերպումները հակասում են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ողջ տրամաբանությանը:
ՙԵս չեմ հիշում մեկ այլ նման բանաձև, որն այդքան կտրուկ և միակողմանի, իրականությունից կտրված գնահատականներ պարունակեր: Այստեղ մենք, իհարկե, չենք կարող անուշադրության մատնել նաև այն հանգամանքը, որ նման բանաձևի ընդունումն իրավիճակային մոտեցման արտացոլում է` կապված հայտնի իրադարձությունների հետ /Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշում-խմբ./: Կարծում եմ`Եվրախորհրդարանի մեր գործընկերները ղեկավարվում են սխալ նկատառումներով՚,- ասել է նա:
Խորհրդարանականը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի իր առանձնահատուկ ձևաչափը, որի շրջանակներում էլ ընթանում են բանակցությունները:
Ավելին, իրավիճակում, երբ Ադրբեջանը միանշանակ ոչ կառուցողական դիրքորոշում է դրսևորում, տորպեդահարում է վստահության մթնոլորտի ամրապնդման բոլոր նախաձեռնությունները, խափանում շփման գծում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը, չի կատարում ստանձնած պարտավորությունները, նման միակողմանի բանաձևի ընդունումը վնաս է հասցնում բանակցային գործընթացին:
ՙՈչ պակաս մտահոգիչ է նաև այն փաստը, որ բանաձևում Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անմիջականորեն կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել Եվրախորհրդարանի հետ, ներկայացնել հակամարտության գոտում իրադրության ողջ առանձնահատկությունը և հասկացնել եվրոպացիներին, որ նույնիսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ կապված չարդարացված հույսերի և որոշակի դժգոհության դեպքում ոչ մի դեպքում չի կարելի սլաքներն ուղղել Լեռնային Ղարաբաղի դեմ՚,- ասել է Ֆարմանյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար լիստում ընդունվել է Եվրոպական բարիդրացիության քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, բանաձևի 16 հոդվածում Եվրախորհրդարանը հիշեցրել է ՙԱրևելյան գործընկերության անդամ մեկ պետության կողմից մյուսի տարածքը զավթելու մասին՚, ինչը հանդիսանում է Եվրոպական գործընկերության հիմնադիր սկզբունքների և նպատակների խախտում: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը`ելնելով ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993 թվականին ընդունված 4-րդ բանաձևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր սկզբունքներից, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարութան մեջ: Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբղայան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հիման վրա, որը պահանջում է ՙԱդրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի անհապաղ, անվերապահ և լրիվ դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում՚: