Բելառուսը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Մինսկում Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանի սկսած սպառազինությունների մրցավազքը սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար: Կողմերն ընդգծել են միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Նաև նշվել է, որ երկկողմ քաղաքական համագործակցությունն զգալիորեն զիջում է տնտեսականին: Այդ համատեքստում հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 7-րդ նիստը կնպաստի այդ խնդիրների լուծմանը: