Իշխանություններին հարկավոր է ոչ թե ընդդիմության հետ երկխոսություն, այլ`ընդամենը դրա իմիտացիան, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հայտնել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի հետ միասին հանդիպում է անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: ՀԱԿ-ն իր ներկայացուցիչներին հրաժարվել է ուղարկել հանդիպմանը: Հակոբյանի խոսքով, ինքը հերթական անգամ համոզվել է, որ իշխանությունը չի ցանկանում ընդդիմության հետ միասին դուրս բերել երկիրը ներկայիս իրավիճակից: ՙԵթե իշխանությունն, իրոք, ցանկանում են համագործակցել ընդդիմությնա հետ, կարող է իրականացնել մեր 12 առաջարկներից 10-րդ կետը, որը վերաբերում է ընտրություններում քվեարկածների ցուցակների հրապարակմանը: Այդ առաջարկը կարելի է իրականացնել միանգամից, առավել ևս, որ նման օրինագիծ խորհրդարանում է գտնվում դեռ նախորդ գումարումներից՚,- ասել է նա:
Նա համոզված է, որ չցանկանալով բացահայտ հրաժարվել երկխոսությունից`իշխանությունը փորձում է ընդամենը երկխոսություն ձևացնել: Հակոբյանը նաև հայտնել է, որ նկատի ունենալով բովանդակային քննարկումների բացակայությունը`ինքը հրաժարվել է իշխանության հետ բանակցություններից:
Նշենք, որ ոչ իշխանական կուսակցություններն իշխանություններին ներկայացրել էին 12 պահանջ, որոնք առնչվում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կառավարությունը 12 էջի վրա հիմնավորել էր դրանք կատարելուց իր հրաժարվելը: Իսկ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունը պետք է կետ առ կետ քննարկի ընդդիմության 12 պահանջները և նշի կոնկրետ այն գործընթացները, որոնց միջոցով այդ կետերը կիրագործվեն:Այսօր ՀՀ կառավարությունը ոչ իշխանական քառյակին առաջարկել է 12 առաջարկների ուսումնասիրման աշխատանքային խմբեր ձևավորել: