Հայաստանի և ԱՄՆ
հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն է երկու
երկրների միջև վիզային ռեժիմների դյուրացումը: Այս մասին հայտարարել է ՀՀ
փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, երկրի 2013 թվականի բյուջեի կատարման
խորհրդարանական լսումների ընթացքում:
Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են առանց վիզաների
այցելել Հայաստան, իսկ Հայաստանի որոշ քաղաքացիների համար նույնպես վերացված է ԱՄՆ
այցելելու վիզային ռեժիմները: Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսի 21-ին Հայաստանը և
ԱՄՆ հայտարարեցին, որ ՀՀ որոշ խմբերին պատկանող քաղաքացիներ ԱՄՆ այցելելու համար
կազատվեն պարտադիր հարցազրույցից: Մասնավորապես, խոսքը գնում է մինչև 10 տարեկան
երեխաների և 79 տարին լրացած քաղաքացիների մասին: Մանասարյանը նշել է նաև, որ
մարզիկները, մշակույթի գործիչները և գիտնականները կարող են ստանալ մինչև 10 տարի
ժամկետով վիզաներ:
Խոսելով նախարարության 2013 թվականի գործունեության
մասին, Մանասարյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը շարունակել է
իր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությոնների զարգացումը` դա ղարաբաղյան
հակամարտության կարգավորումն է և Հայոց ցեղասպանությա միջազգային ճանաչումը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի ջանքերը գտնում են
միջազգային հանրության ըմբռնումը: Շարունակվում նաև շփումները ԵԱՀԿ ՄԽ հետ»,-ասել
է նա:
Նրա խոսքով, միջազգային հանրության ըմբռնումն է գտնում
նաև Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների նորմալացնելու գծով
Հայաստանի դիրքորոշումը: «Հայաստանը շարունակում է ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանի հետ, ինչպես նաև ԵԱՏՀ ինտեգրացիան, խորացնելով նաև հարաբերությունները
ԵՄ և միջազգային մյուս կառույցների հետ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում
Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին»,-ընդգծել է փոխնախարարը:
2013 թվականին Հայաստանն ակտիվացրել է իր
հարաբերությունները նաև արաբական և Լատինական Ամերիկայի երկրների հետ, խորացնելով
հարաբերությունները Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի հետ: Այս տարվա հունիսին
Հայաստան կժամանի ճապոնական պատվիրակությունը` Երևանում դեսպանատուն բացելու
կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով: «Բարձր մակարդակի վրա են
հարաբերությունները Չինաստանի հետ: Մենք մի քանի ծրագիր ենք իրականացնում: Չինական
միջոցներով կվերանորոգվի և կվերասարքավորվի Հանրային հեռուստատեսությունը,
մաքսակետերի համար կգնվեն սկաներներ: Հայաստանում կբացվի նաև տարածաշրջանային
նշանակության չինական դպրոց»,-ասել է Մանասարյանը:
Իր
հերթին, ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախարարությանը
բյուջեից տրամադրվել է 11.7 մլրդ.դրամ, որի 7.5 մլրդ.դրամն ուղղվել է
դիվանագիտական ներկայացուցիչների պահպանմանը: Իրականացվել է 20 ծրագիր, իսկ
պահուստային ֆոնդից հատկացվել է 350 մլն.դրամ: