Իրենց
ցինիկ պահվածքով Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին ստիպում են ղեկավարվել բնազդներով:
Հունիսի 24-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության
քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա ասելով, խորհրդարանի վերջին նիստը, որի ընթացքում
կառավարող ՀՀԿ-ն ցինիկաբար շտամպում էր օրենքները, որոնց դեմ հանդես է գալիս
հասարակության մեծ մասը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ
հանդես եկող քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության կիրառման դեպքերը
խոսում են այն մաիսն, որ կառավարող վարչախումբն իրեն զգում է իրավիճակի տեր և
անում է այն ամենը, ինչ խելքին փչի: «Սակայն ընդդիմությունը մտադիր չէ հանդուրժել
նման վարքագիծը: Հարկ է նշել, որ դրանով նրանք էլ ավելի համախմբեցին ոչ իշխանական
քառյակը և մեզ դրդում են պատասխան կոպիտ գործողությունների», - հայտարարել է
քաղաքական գործիչը: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ քառյակը մտադիր է աշնանն
անցկացնել համատեղ հանրահավաք, որի ընթացքում կլուծվեն երկրի համար մի շարք կարևոր
հարցեր:
Մանուկյանը նաև նշել է, որ Հայաստանի ընդդիմությունը, ի
տարբերություն իրենց օտարերկրյա «գործընկերների», նախընտրում է ներքաղաքական
խնդիրները լուծել առանց արտաքին ուժերի: «Մենք ունենք Ուկրաինայի օրինակը, և մենք
չենք ցանկանում այս իշխանությունը տապալել երկիրը կրախի մատնելու միջոցով, սակայն
ՀՀԿ-ն օգտագործում է մեր հայրենասիրությունը և մեզ դրդում առավել արմատական
գործողությունների», - հայտարարել է Մանուկյանը: Նա նաև նշել է, որ երկրում
ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը խորհրդարանը ցրելն է:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով էր ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների ակցիան: Պետք է նշել, որ ոստիկանության շատ սպաներ թույլ են պատրաստված նման ակցիաներին,
հիստերիայի մեջ են հայտնվում, կորցնում ինքնատիրապետումը, ինչը վկայում են նրանց ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ երևույթին, ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը հարկավոր է ուշադրություն դարձնել տարակուսանք հարուցող այս հանգամանքի վրա:
Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀՀ հեռարձակած
հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր, թե երկրում կենսական կարևորություն
ունեցող խնդիրների շուրջ կարծիքների բախումները պետք է տեղի ունենան մամուլի
էջերում և խորհրդարանում և ոչ մի դեպքում չպետք է վերածվեն բախումների ոստիկանների
և ցուցարարների միջև: Միջադեպի առնչությամբ արդեն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյանը, ով, մասնավորապես, հիշեցրել է, որ ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին: