Նույնիսկ եթե հասարակական տրանսպորտի ուղեվարձը նվազեցվի մինչև 120 դրամ, բողոքի ակցիաները Երևանում չեն դադարի: Այդ մասին հայտարարել է ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստ Ռուզան Գևորգյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
ՙՇարժման անդամներն այդ հարցը դեռ չեն քննարկել, քանի որ քաղաքապետարանի պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, սակայն մեզ, միանշանակ, այդ սակագինը նույնպես չի գոհացնում՚, - նշել է նա: Գևորգյանն ավելացրել է, որ ակտիվիստների նպատակը ոչ միայն ուղեվարձի նվազեցումն է, այլև` ՙտրանսպորտային ծառայության՚ բարելավումը, որը ենթադրում է նաև ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդների արժանավայել աշխատավարձ:
Նշենք, որ ԱրմԻնֆոյի աղբյուրների հաղորդման համաձայն, նախօրեին քաղաքապետարանում կայացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի նվազեցմանն առնչվող քննարկում, որի ընթացքում կառավարող ՀՀԿ ներկայացուցիչները վիճաբանել են և չեն կարողացել որևէ որոշում կայացնել: Մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա երիտասարդ խորհրդականներն ափսոսում են ուղեվարձը 50 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ կայացված որոշման համար և ցանկանում են հարցը վերանայել, սակայն նրա ՙփորձառու՚ խորհրդականները կարծում են, որ դա էլ ավելի կիջեցնի քաղաքապետի հեղինակությունը: