Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթներ չի
իրականացնում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ
գտած հրապարակումներն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանից, իբր, թռիչքներ
են իրականացվում և անգամ կայացել է Երևան-Ստեփանակերտ առաջին թռիչքը:
Նրա խոսքով, Ստեփանակերտի
օդանավականանից արդեն իրականացվել է ավելի քան 10 թռիչք, բայց բոլորն էլ`երկրի
ներսում: Ադբաշյանը նշել է, որ թռիչքները հիմնականում կատարվել են
գյուղատնտեսական, տուրիստական և ուսումնեկան նպատակներով: «Ներկայումս նույնպես
թռիչքներ են իրականացվում, բայց առայժմ խոսք չի գնում պլանային
ուղևորափոխադրումների մասին»,-ընդգծել է նա:
Ստեփանակերտի
օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և հիմնականում ընդունում էր Երևանից և
Բաքվից ժամանող ինքնաթիռներին: 1992 թվականից օդանավակայանը չէր գործում, իսկ 2008
թվականից սկսվեց օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը և
վերակառուցումը, իսկ արգենտինահայ
գործարար Էդուարո Էռբեկյանը Ստեփանակերտի օդանավակայանի համար գնեց ինքնաթիռ:
Օդանավակայանը
հագեցված է միջազգային բոլոր ստանդարտներով, ի վիճակի է ժամում սպասարկել մինչև
100 ուղևորի: Սկզբնական շրջանում «Էյր Արցախ» ավիաընկերությունը ծրագրում է
թռիչքներ իրականացնել Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ: Ադրբեջանական
կողմի`Լեռնային Ղարաբաղի երկրնում քաղաքացիական ինքնաթիռները խփելու շարունակական
սպառնալիքները դատապարտվեցին միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների կողմից: