ՙԷրնսթ ընդ Յանգ՚ միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը հայտարարել է Հայաստանում Աշխատավարձերի և հատուցումների տարեկան ուսումնասիրութան մեկնարկի մասին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մարքեթինգի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, ինչպես և անցյալ տարի, Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության հիման վրա կթողարկվեն ընդհանուր տնտեսության և մասնագիտացված ոլորտային ուսումնասիրության հաշվետվություններ:
Նշվում է, որ ընդհանուր Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության հաշվետվությունը բաղկացած կլինի երկու մասից: Մի մասը կպարունակի ամսեկան և տարեկան հաստատուն աշխատավարձերի, ընդհանուր տարեկան փոփոխական պարգևատրման մասին տեղեկատվություն, ինչպես նաև հաշվետվությունում առկա բոլոր պաշտոնների համար առանձին վարձատրության կառուցվածքի նկարագիր ու փաստացի (ընթացիկ) և պլանավորված աշխատավարձի փոփոխություններ` արտահայտված %-ով: Մյուս մասը կներառի մանրամասն տեղեկություն ուսումնասիրված կազմակերպություններում կադրային քաղաքականության, այդ թվում` աշխատավարձի վճարման և դրամական վարձատրության կառուցվածքի, աշխատաժամանակի կազմակերպման, սոցիալական հավելավճարների, գործուղման քաղաքականության, աշխատակիցների խթանման ծրագրերի և ոչ դրամական արտոնությունների, աշխատակիցների համալրման քաղաքականության, ուսուցման և որակավորման, ընկերության կադրային քաղաքականությանն ուղղված ծրագրերի և կադրային քաղաքականության այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Աշխատավարձերի տվյալները կներկայացվեն ըստ Հայաստանի շրջանների՝ ելնելով հավաքագրված տվյալներից:
Հաշվետվության թողարկման նախատեսված ժամկետն է 2013 թվականի սեպտեմբերի 30-ը: Մասնակիցների ցանկության դեպքում որոշակի ոլորտային հաշվետվություններ կարող են տրամադրվել ավելի շուտ:
Մասնագիտացված հաշվետվությունները կներառեն վարձատրության տվյալներ առանձին տնտեսության ոլորտին հատուկ (ինչպես օրինակ` ֆինանսական և բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, դեղագործություն, արագ սպառման ապրանքների և այլ ոլորտների) պաշտոնների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն տվյալ ոլորտում տրամադրվող արտոնությունների և կադրային քաղաքականության վերաբերյալ: Մասնագիտացված հաշվետվության թողարկումը հնարավոր է տվյալ ոլորտի առնվազն յոթ կազմակերպության մասնակցության դեպքում:
Ինչպես և անցյալ տարի ընկերությունը երաշխավորում է ուսումնասիրության ընթացքում մասնակիցների կողմից տրամադրած տեղեկությունների լիակատար գաղտնապահությունը: Յուրաքանչյուր մասնակից ուսումնասիրության ավարտին կստանա ամփոփ հաշվետվություն, որը հնարավորություն չի տա դուրս բերել կամ ճանաչել տվյալ նախագծի որոշակի մասնակցին վերաբերող տեղեկատվությունը:
Սկսած 2011 թվականից Ընկերությունն աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության մասնակիցներին տրամադրվում է անվճար հատուկ էլեկտրոնային գործիք, որի շնորհիվ հնարավոր է դառնում կատարել ներքին համեմատական վերլուծություն՝ օգտագործելով ուսումնասիրության արդյունքները:
Նշվում է, որ 2012 թվականին Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրությանը մասնակցեցին 40 տեղական և միջազգային, տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ: Ամբողջական հաշվետությունն իր մեջ ներառեց ընդհանուր տնտեսության, ֆինանսաբանկային և դեղագործական ոլորտների համապատասխանաբար 114, 128 և 6 պաշտոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ամբողջական հաշվետությունը ներառել է նաև Հայաստանում կադրային քաղաքականության լայնածավալ նկարագիրը: Չնայած կազմակերպությունների մեծ մասը չի նախատեսել աշխատակազմի թվի փոփոխություն, 2013 թվականին կազմակերպությունների 38%-ը նախատեսել է աշխատակազմի աճ, իսկ 7%-ը` կրճատում: Կազմակերպությունների մեծամասնությունն աշխատավարձերի փոփոխության համար հիմնվում է շուկայական ցուցանիշների վրա, որոնցից ամենատարածվածն են հանդիսանում աշխատավարձերի իրական մակարդակը շուկայում, որին հաջորդում է ինֆլյացիայի մակարդակը: 2012թ. հաջորդող 12 ամիսների ընթացքում կադրային քաղաքականության առաջնահերթությունների ցուցակում մասնակիցները նշել են աշխատակիցների խրախուսումն ու պահպանումը, ուսուցումն ու զարգացումը, ինչպես նաև գործունեության արդյունավետության կառավարումը:
Նշենք, որ ՙԷրնսթ ընդ Յանգ՚ ընկերությունը իրականացնում է Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրություն, ինչպես նաև մի շարք այլ ուսումնասիրություններ գրեթե բոլոր ԱՊՀ երկրներում: Հարյուրավոր ընկերություններ ներգրավված են ընդհանուր տնտեսության, առանձին ոլորտային ուսումնասիրություններում (բանկային, ապահովագրական, արագ սպառման ապրանքների, դեղագործական, ՏՏ և հեռահաղորդկացություն, շահույթ չհետապնդող ընկերություններ և այլն), հատուկ (շուկայի հիմնական ներկայացուցիչների, բարձր ղեկավարության պաշտոնների, օտարերկրյա աշխատակիցների և տարածաշրջանների ուսումնասիրություններ) և այլ ուսումնսաիրություններում: Համաձայն ՙԷրնսթ ընդ Յանգ՚ -ի ղեկավարության` ուսումնասիրության տարածվածության հիմնական պատճառներից է աշխատանքի շուկայի անկայունությունը և փոխհատուցման մակարդակների վերաբերյալ հավաստի շուկայական տվյալների առկայության նկատմամբ աճող պահանջարկը: