Մայիսի 15-ից Qatar Airways-ը շաբաթական 4 չվերթ կգործարկի Դոհայից դեպի Երևան: Լոս Անջելեսում այդ մասին հայտարարել է Քաթարի ազգային փոխադրողի գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքերը:
Նրա ասելով, Qatar Airways-ը Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ կիրականացնի Airbus A320-ով, որում կա էկոնոմ կարգի 132 և բիզնես կարգի 12 տեղ: Չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Հունվարի 25-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը հաղորդել է, որ Qatar Airways-ը դեպի Երևան չվերթներ կսկսի իրականացնել 2016 թվականի սկզբին: Նրա ասելով, ավիաընկերության հետ բանակցությունները թևակոխել են ավարտական փուլ, անցկացվում են Հայաստանի շուկայի վերջին հետազոտությունները: Ավելի վաղ Հայաստանի շուկա էին վերադարձել երկու խոշոր ավիաընկերություններ` Czech Airlines-ը և լեհական LOT-ը: Վարչության պետն ընդգծել է, որ բանակցություններ են վարվել 30 խոշոր և բյուջետային ավիաընկերությունների հետ` Հայաստանի ուղղությամբ ավիաչվերթների իրականացման շուրջ: 26 պետությունների իշխանությունների հետ բանակցություններ են վարվում օդային հաղորդակցության ոլորտի միջկառավարական համաձայնագրերի վերանայման շուրջ: Բանն այն է, որ, Աննա Չոբանյանի ասելով, մինչև «բաց երկնքի» քաղաքականության կիրառումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործել են սահմանափակումներ ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ավիաընկերությունների համար: Այժմ նախատեսվում է վերացնել այդ սահմանափակումները:
Նշենք, որ «Բաց երկնքի» քաղաքականության կիրառման արդյունքում, որը կառավարությունը հաստատել էր 2013 թվ ականի հկոտեմբերի 23-ին, հայկական շուկայում սկսել են գործել այնպիսի խոշոր ավիաընկերություններ, ինչպես` Aegean Airways, Georgian Airwais, Իրաքյան ավիաուղիներ, Al Naser, Mahan Air, Middle East Аirwais, S7: