Ժամանակն է նոր ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության հաստատման համար`այն փոխզիջումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում:
Նշվում է նաև, որ նամակը փոխանցվել է Ալիևին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպման ընթացքում:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամբողջությամբ աջակցում է Ջեյմս Ուորլիքին, ում նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում վկայում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում կողմերին ցուցաբերվող ԱՄՆ վճռորոշ և միանշանակ աջակցության մասին: ՙՀուսով եմ, որ դեսպան Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և առաջընթաց գրանցելու Ձեր կառավարության ցանկությունը նոր խթան կհաղորդի համանախագահների աշխատանքին և խաղաղարար գործընթացին՚, -նշել է Բարաք Օբաման: