Վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը կոչված է ընդամենը կանոնակարգելու այդ ոլորտը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Parking City Service ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Նրա խոսքով, եթե նախկինում վարորդն ավտոմեքենայի կայանման համար վճարել է ավտոկայանատեղիների չգրանցված աշխատողներին, ըստ որում`հաճախ այդ գումարն օրվա ընթացքում ընդհանուր առմամբ հասել է մինչև 600-700 դրամի, այսօր նոր համակարգի ներդրման միջոցով այդ գումարը կրճատվում է մինչև օրական 30 դրամ: Տարեկան ավտովարորդները կվճարեն 12 հազար դրամ և իրենց ավոտմեքենաները կկայանեն`որտեղ և երբ հարմար է:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմամբ զբաղվելու է ՙՓարկինգ Սիթի Սերվիս՚ ու ՙԼոկատոր՚ ՓԲԸ-ների կոնսորցիում խումբը`ընտրված մրցույթի արդյունքում: Վճարովի ավտոկայանատեղիներում շուրջօրյա տեսահսկողություն է իրականացվելու: Քաղաքապետի որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է ՙԱվտոկանգառային անհնազանդությունը սկսված է՚ շարժում, որի անդամները հասարակայնությանը կոչ են անում բոյկոտել մայրաքաղաքի իշխանությունների այս որոշումը, ինչը, նրանց կարծիքով, Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Parking City Service-ի տնօրենն ապատեղեկատվություն է անվանել այն պնդումը, թե չվճարման համար վարորդներին տուգանելու է ընկերությունը: Նրա խոսքով, ընկերությունը միայն ներկայացնելու է ավտոսեփականատերերի կողմից խախտումների ապացույցները, և իսկ մնացած բոլոր հարցերը որոշում է քաղաքապետարանը`հիմնվելով գործող օրենսդրության վրա:
Հարությունյանը նաև հաղորդել է, որ ընդհանուր առմամբ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման համար ընկերությունը մտադիր է մինչև 2014 թ. վերջը ներդնել շուրջ $10 մլն, որից $2.5 մլն-ն արդեն ծախսվել է: