NASDAQ OMX Armenia-ն «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհել է ֆոնդային
բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա
ստեղծողի կարգավիճակ: Այդ կարգավիճակում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային
Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով
երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:
Լինելով ՀՀ
բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից
մեկը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին NASDAQ OMX
Armenia ֆոնդային բորսայի առաջնային
տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը: Հիշեցնենք,
որ Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
տեղաբաշխվել են 1 մլրդ.դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար դրամ անվանական արժեքով,
36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ: Միջին կշռված
եկամտաբերությունը կազմել է 9.7978%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.92%:
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր
պահանջարկը) կազմել է 2,385 մլրդ.դրամ, որը գրեթե 2,4 անգամ գերազանցել է
առաջարկվող ծավալը:
«Ազգային
Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ
թողարկումը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին ցուցակվեց NASDAQ OMX
Armenia բորսայում, ընդգրկվելով
հիմնական Abond ցուցակում: Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ
ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով,
արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ այս
պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2C հապավմամբ, ինչպես նաև
թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Հիշեցնենք, որ
ս.թ. հոկտեմբերի 7-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են NASDAQ
OMX Armenia-ի տեղաբաշխման
հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը
(ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,390,393,431.5 ՀՀ դրամ: Պարտատոմսերն
ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է
1,005,155,561.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,020.33
ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7975 %, իսկ կտրման
եկամտաբերությունը՝ 9.92%:
Այս թողարկումը
ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond
ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ
թույլատրված են առևտրին և շրջանառվում են NASDAQ OMX
Armenia պարտատոմսերի
ազատ շուկայում: Առաջին անգամ ԱՀԸ-ն Հայաստանի կապիտալի շուկա դուրս եկավ 2011
թվականի նոյեմբերին, 1 մլրդ.դրամ թողարկման ծավալով և 9.6% եկամտաբերությամբ:
Նշենք,
որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային
կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ
կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ
(գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության
լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ
կենտրոնական բանկը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱՀԸ ակտիվները կազմել են
33.4 մլրդ.դրամ (2-րդ տեղը ՎԿ շարքում), իսկ ընդհանուր կապիտալը` 11 մլրդ.դրամ
(3-րդ տեղը): 2014 թվականի առաջին կիսամյակը ԱՀԸ-ն եզրափակել է 322.5 մլն.դրամ
զուտ շահույթով (4-րդ տեղ):