Ժնեւում Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ:
ԱԺ փոխնախագահը մեծապես կարեւորել է տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նկատել է, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի ձեւավորված սերտ եւ բարեկամական հարաբերություններ. հանգամանք, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ապավինել Կիպրոսի աջակցությանը մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Էդուարդ
Շարմազանովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ կիպրական հիմնախնդիրներին`
նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումները միմյանց
չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի
մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:
Էդուարդ Շարմազանովը երախտագիտությամբ նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը Կիպրոսի
գործընկերներին առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնել: Կիպրոսի պատվիրակության
ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը: