Արմինֆո. Մարտի 21-24-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ու Երևանի «Գյոթե կենտրոնիե աջակցությամբ այս տարի ևս մասնակցել է Հայաստանը:
Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ տեղացի և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Փառատոնի շրջանակներում կայացել են Թորստեն Ֆլայգի, Զառա Սաֆարյանի՝ համապատասխանաբար Հայաստանի և հայկական խոհանոցի մասին գերմաներեն լեզվով հրատարակված գրքերի, ինչպես նաև Արամ Պաչյանի, Գրիգի, Հովհաննես Երանյանի գրքերից գերմաներեն թարգմանված հատվածների ընթերցանություններ, որոնք արժանացան ունկնդիրների բարձր հետաքրքրությանն ու դրական արձագանքին։
Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն առանձնազրույց է ունեցել Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի հետ։ Վերջինս գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի մասնակցության ակտիվացումն այս տարի։ Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև խոշորագույն հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության հեռանկարները և պայմանավորվածություններ ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ։