Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռևս քրեական գործ չի հարուցել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված մեղադրանքների վերաբերյալ, որոնք հրապարակվել են նրա բաց նամակում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, գործը դեռ չի հարուցվել, սակայն Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է պատրաստում Շիրխանյանի հնչեցրած մեղադրանքներից մեկի վերաբերյալ, այն է՝ <1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման> մասով: <Շիրխանյանի կողմից Քոչարյանի հասցեին հնչեցրած մյուս բոլոր մեղադրանքների քննությունը ՀՔԾ-ի իրավասությունից դուրս է>, - պարզաբանել է Օհանջանյանը: Նա նաև հաստատել է քննչական միջոցառումների շրջանակներում Շիրխանյանի հարցաքննության մասին տեղեկությունը ։ <Այլ մանրամասներ, ցավոք, չեմ կարող հայտնել>, - նշել է Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել էր. <1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբարե տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ>:
Նամակում Շիրխանյանը Քոչարյանին մեղադրում է քաղաքական սպանությունների, սաբոտաժի, կոռուպցիայի, Մեղրին Լաչինի հետ փոխանակման փորձի մեջ և անուղղակիորեն անգամ ակնարկում է 1999 թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը նրա մասնակցության մասին: Նշենք, որ Քոչարյանը ներկայումս կալանավորված է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։