Արմինֆո. Ռուսական մանդատը դուռ կբացի դեպի Արցախի տարածքային կորուստներ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը։
«Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին մանդատ տալու միջոցով սառեցնելու Սամվել Բաբայանի առաջարկած տարբերակը, գործնականում, անհնար է իրականացնել։ Այս կամ այն երկրին որևէ տարածքի նկատմամբ նման մանդատ միշտ տրվել է որոշակի քաղաքական և իրավական համաձայնեցումների արդյունքում։ Հատկանշական է, որ նման պրակտիկան կասեցվել է ՄԱ -ի հիմնադրումից հետո՚, - ընդգծել է նա։
Մարտի 15-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկել է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմ հնչեցնելով Ռուսաստանին տարածքային մանդատ տրամադրելու գաղափարը։
Մելիքյանի կանխատեսմամբ՝ Բաբայանի առաջարկի հիպոթետիկ իրականացման դեպքում մեր օրերում դա կհանգեցնի Արցախի տարածքների կորստի։ Գոյություն ունեցող իրավական և քաղաքական իրողություններում Մոսկվան, նրա գնահատմամբ, նման մանդատ կարող է ստանալ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության, այլ, բացառապես, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի նկատմամբ։ Ընդ որում` միայն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրողություններում հայկական երկու հանրապետությունները պարտադրված են սեփական ռազմական ներուժը համադրել առկա քաղաքական և դիվանագիտական հնարավորությունների հետ՝ Երևանի և Ստեփանակերտի համար ընդունելի խաղաղության հասնելու նպատակով: «Այսօր մեր բոլոր, այդ թվում ՝ տարածքային, շահերի ապահովման հնարավորությունները նախկինի պես պահպանվում են ։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի մասնագիտական աշխատանքի անցկացում որոշակի ուղղությամբ՚, - ամփոփել է վերլուծաբանը ։