Արմինֆո.Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Այդ մասին մարտի 18-ին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը:
<Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին>,- գրել է նա: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային եւ անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաեւ Զաարլանդի համալսարան: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը: