Արմինֆո.Մարտի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետի պ/կ Տիգրան Սամվելյանը, իսկ ԲՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ Եվրոպայի և Հս. Ամերիկայի հարցերով գլխավոր վարչության պետ Անդրեյ Բուշիլոն։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ և ԲՀ-ԵՄ երկկողմ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրակարգերը, մասնավորապես, անդրադարձ կատարեցին ԵՄ-ի հետ ինչպես արդեն կնքված, այնպես էլ դեռևս բանակցվող համաձայնագրերին, առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ թարմացված վիճակագրությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև ԵՄ Արևելյան գործընկերության տասնամյակի տոնակատարմանը նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ մտքեր փոխանակելով նաև Հայաստանում և Բելառուսում ԱլԳ շրջանակներում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։
Այնուհետև կողմերն անդրադարձ են կատարել հայ-բելառուսական համագործակցությանը միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
Խորհրդակցությունների ավարտին բելառուսական կողմը հայկական կողմին հրավիրել է Բելառուս՝ միջգերատեսչական խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնելու նպատակով։