Արմինֆո.Մարտի 16-ին, ժամը 11։00-ին Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում տեղի կունենա «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակում ներդրված նորակառույց ջրագծի բացման արարողությունը։ Ջրագիծը ներդրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի (HSBC) կողմից համատեղ ծրագրի իրականացման արդյունքում` HSBC բանկի ֆինանսավորմամբ։
Տիգրանաշեն սահմանամերձ համայնքը, որն ունի 60 տնտեսություն, չուներ ամբողջական ջրագիծ և շուրջօրյա ջրամատակարարում։ Համայնքին կից կար ջրի պահպանման համար ռեզերվուար, որը ջրի որակի փորձաքննության արդյունքում, ճանաչվեց ոչ պիտանի խմելու ջրի պահպանման համար։ Այսուհետ համայնքը կունենա նոր ջրամբար և ջրամատակարարման ցանց։
Ծրագրի իրականացման նախապայման էր հանդիսանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) աշխատակիցների կամավորական հիմունքներով մասնակցությունը։ Կամավորները բազմիցս այցելել են Տիգրանաշեն համայնք, հանդիպել տեղի բնակիչներին՝ տեղեկանալով վերջիններիս խնդիրների մասին և գնահատելով ջրագծի շինարարական աշխատանքների առաջընթացը։ Բացի այդ, կամավորները վարել են ջրի պահպանման, խնայողության և գիտակից օգտագործման թեմաներով դասընթացներ Տիգրանաշեն, Պ․Սևակ և Գառնի համայնքների դպրոցականների համար։
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես կգան HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Պ․ Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը։
Բացման արարողությանը կհաջորդի HSBC Հայաստանի կամավորական ծրագրի շրջանակներում իրականացվող ջրի թեմային նվիրված լուսանկարչական մրցույթ։ Մասնակիցները կքվեարկեն լավագույն լուսանկարների համար, որից հետո կորոշվեն հաղթողները 3 անվանակարգերով, այն է․ «Ջուրը և բնությունը», «Ջուրը և մենք», «Առանց ջրի»։