Արմինֆո. ԱՄՆ պետդեպարտամենտն ահազանգում է Հայաստանում աշխատավորների իրավունքների համատարած խախտման մասին։
ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների ամենամյա զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել աշխատանքային նորմերի արդյունավետ պահպանումը ոչ պետական, ոչ էլ մասնավոր հատվածներում: «Աշխատավորների իրավունքները անպաշտպան են մնացել աշխատանքի կենսունակ տեսչության, անկախ արհմիությունների բացակայության եւ վարչական դատարանների ծանրաբեռնված գրաֆիկների պատճառով, որոնք նոր գործերը քննել են դրանց ներկայացումից միայն մեկ տարի հետո՚, - ասված Է փաստաթղթում:
Ըստ զեկույցի, մասնավոր ընկերությունների շատ աշխատակիցներ, հատկապես ծառայությունների եւ մանրածախ առեւտրի ոլորտում, չեն կարողացել ստանալ վճարովի արձակուրդ եւ ստիպված են եղել օրական ավելի քան ութ ժամ աշխատել առանց լրացուցիչ փոխհատուցման: «Աշխատանքի տեղավորման որոշ գործակալությունների ներկայացուցիչների խոսքերով, շատ գործատուներ նաեւ աշխատողներ են վարձել 10-ից մինչեւ 30 օր չվճարվող «փորձաշրջանով՚: Հետագայում գործատուներն աշխատանքից հեռացրել են այդ աշխատողներին՚, - ասված Է զեկույցում։
Ըստ զեկույցի, ցածր սոցիալական կենսամակարդակով որոշ մարզերում ընկերությունների ղեկավարները հաճախ օգտվել են այլընտրանքային աշխատատեղերի բացակայությունից եւ չեն ապահովել աշխատանքի համարժեք վարձատրություն, չեն լուծել անվտանգության հարցերը, չեն պահպանել բնապահպանական նորմատիվները: Պետդեպարտամենտը նշում է, որ հատկապես մասնավոր հատվածի աշխատողները գործատուների կողմից դաժան վերաբերմունքի են ենթարկվել եւ պետական պաշտպանություն չեն ունեցել: «ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, նոր կառավարության հակակոռուպցիոն ջանքերից հետո սուպերմարկետների խոշոր ցանցերն սկսել են պաշտոնապես գրանցել իրենց աշխատողներին, ինչը հանգեցրել է գրանցված աշխատակիցների թվի կտրուկ ավելացմանը՝ առանց լրացուցիչ վարձույթի՚, - ասված Է զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ երկրում գործազրկության բարձր մակարդակի լույսի ներքո աշխատողները, որպես կանոն, ստիպված են եղել աշխատել իրենց առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող պայմաններում, իսկ իշխանությունները աշխատակիցներին նման իրավիճակներում պաշտպանություն չեն առաջարկել, իսկ աշխատակիցները, որպես կանոն, չեն հայտնել իրենց իրավունքների խախտումների մասին:
Ըստ Պետդեպարտամենտի՝ աշխատավորների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները թույլ են մնացել գործատուների դիմադրության, գործազրկության բարձր մակարդակի եւ տնտեսական վատ պայմանների պատճառով: «Արհմիությունները, որպես կանոն, անգործության են մատնված՚, - նշվում է զեկույցում: Իր հերթին, ասվում է զեկույցում, իշխանությունները չեն ապահովում աշխատանքային օրենսդրության արդյունավետ կիրառումը:
Փաստաթղթում խոսվում է նաեւ արգելված մանկական աշխատանքի հաճախակի կիրառման մասին, հատկապես, գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտներում: Հաճախ, ըստ զեկույցի, երեխաները աշխատում են առեւտրի, վերանորոգման, տրանսպորտի եւ հասարակական սննդի ոլորտներում: Փաստաթղթի համաձայն ՝ 39 300 աշխատող երեխաներից 31 200-ը զբաղված են եղել վտանգավոր աշխատանքներով և տևական աշխատանքային օրով։
Փաստաթղթում նաեւ նշվում է սեռական կողմնորոշման, սեռական պատկանելության, հաշմանդամության, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կարգավիճակի եւ դավանանքի հատկանիշներով աշխատանքային իրավունքի խտրականության մասին: Ընդ որում, Պետդեպարտամենտը նշում է, որ նման խտրականության մասշտաբների հաշվառման համար պաշտոնական կամ այլ վիճակագրություն չկա:
«Կանայք սովորաբար չեն օգտվում նույն մասնագիտական հնարավորություններից եւ չեն ստանում համապատասխան աշխատավարձ, ինչպես տղամարդիկ: Թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններում հաճախ որպես պարտադիր պահանջ նշվում է երիտասարդ տարիքն ու հավակնորդների գրավչությունը։ Արդյունքում
40 տարեկանից բարձր կանայք իրենց կրթությանը կամ հմտություններին համապատասխանող աշխատանք գտնելու քիչ հնարավորություններ ունեն՚, - ընդգծում է Պետդեպարտամենտը։