Արմինֆո.2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատությունների հարգման պայմաններում և վայելել են հանրային լայն վստահություն, ինչը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ ընդհանուր առմամբ, չեն եղել ընտրական իրավունքի չարաշահման տոտալ դեպքեր, այդ թվում՝ ընտրակաշառք եւ ընտրող նկատմամբ ճնշում, ինչը թույլ է տվել ընտրություններում ապահովել իրական մրցակցություն: Այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի խախտումների առանձին դեպքեր, ինչպես նշվում է զեկույցում, եղել են։
Վկայակոչելով ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդներին ՝ Պետդեպարտամենտը նշում է սոցիալական ցանցերում ապատեղեկատվության եւ սադրանքի դեպքերի մասին: Մի քանի հարցերից, որոնք մթագնել են ընտրական գործընթացը, դիտորդները նշել են, որ ընտրարշավների ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվությունները չեն ապահովվել: «Օրինակ, ի հեճուկս ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի նախորդ հանձնարարականների, կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են վարձավճարները, տրանսպորտը եւ շտաբների աշխատակիցների աշխատավարձերը, կարող էին չգրանցված մնալ, ինչը «խաթարել է ընտրարշավների ֆինանսավորման թափանցիկությունը՚, - ասված Է զեկույցում:
Որպես այլ թերություններ՝ Պետդեպը նշել է բողոքների ներկայացման նեղ իրավական դաշտը, ինչը հակասում էր ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի նախորդ հանձնարարականներին։
Այնուհետև Պետդեպարտամենտն ընդգծում է, որ մինչև «թավշյա հեղափոխությունը՚ իշխանությունները ճնշել են քաղաքական բազմակարծությունը։ Իսկ հեղափոխությունից հետո դիտորդները նշել են հասարակության շրջանում արմատականացման ուժգնացումը, ինչն առավել սուր է անդրադարձել սոցիալական ցանցերում։ Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ պնդում էին, որ նոր կառավարությունն իրենց դեմ հասարակական ճնշում է գործադրել։
Պետդեպը նաեւ դժգոհություն է հայտնել ընտրական գործընթացներում եւ պետական կառավարման համակարգում կանանց ցածր ներգրավվածության վերաբերյալ:
Զեկույցում ընդգծվում է, որ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որպես կանոն, գործել են առանց կառավարական սահմանափակումների՝ հետաքննելով եւ հրապարակելով մարդու իրավունքների մասին գործերի վերաբերյալ իրենց եզրակացությունները:
«Թավշյա հեղափոխությունից հետո Facebook-ի որոշ օգտատերեր, որոնք քաղաքականապես կապված են նախկին կառավարության եւ ԶԼՄ-ների հետ, զրպարտչական արշավ են սկսել «Բաց հասարակություն՚ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ՚, - ընդգծվում Է զեկույցում: