Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խումբը կառավարությունից խնդրել է 2020 ֆինանսական տարում Հայաստանին եւ Արցախին որպես աջակցություն տրամադրել 70 մլն դոլար, հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն:
Այսպես, խմբի կոնգրեսականների առաջարկի համաձայն, 30 մլն դոլարը պետք է ուղղորդվի տնտեսական բարեփոխումներին ու օրենքի գերակայության ապահմանն ուղղված միջոցառումների իրագործմանը։ 10 մլն պետք է ուղղորդվի պաշտպանության ոլորտի բարեփոխումների և միջազգային վարժանքի ծրագրերի իրականացմանը։ Այդ գումարից 6 մլն դոլար կոնգրեսականներն առաջարկում են որպես աջակցություն Արցախին ՝ վերականգնման և ոռոգման ծրագրերի համար։ Եվս 4 մլն դոլար կոնգրեսականներն առաջարկում են ուղղորդել Royce-Engel բանաձևով նախատեսված ուղղումների իրականացմանը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում սահմանային միջադեպերի ռիսկերի նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացմանը: Կոնգրեսականներն առաջարկում են նաև դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին` մինչև Բաքվի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիայի լիակատար դադարեցումը: Ինչպես նշել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը, թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ ֆինանսական աջակցությունը Հայաստանին կօգնի ավելի արդյունավետ իրականացնել սկսված բարեփոխումները, ակտիվացնել հայ-ամերիկյան համագործակցությունը: Միևնույն ժամանակ, Ամերիկայի հայկական համագումարը Հայաստանի համար Կոնգրեսից 2020 ֆինանսական տարում խնդրել է 130 մլն դոլարի աջակցություն, իսկ Արցախի համար՝ 25 մլն դոլարի չափով։ ԱՀՀ-ի կողմից պահանջվող 130 մլն դոլարից 100-ը նախատեսվում է ուղղորդել ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, 20 մլն դոլարը՝ սիրիացի փախստականներին աջակցությանը, եւ 10 մլն դոլարը՝ պաշտպանական ոլորտում միջազգային ուսումնական պարապմունքներին եւ բարեփոխումներին: Արցախի համար 25 մլն դոլարն ԱՀՀ-ն առաջարկում է ուղղորդել ականազերծման աշխատանքներին և ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: