Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձևակերպումներն ընդունելի չեն: Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ՝ մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցը:
Ընդ որում, նա նշել է, որ <անջատականներ>, <տարածքների օկուպացիա> ձևակերպումները ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պարբերաբար տեղ են գտնում ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներում: <Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է ջանքեր գործադրեն և աշխատեն, որպեսզի նման ձևակերպումներն այլևս տեղ չգտնեն միջազգային փաստաթղթերում>, - նկատել է Բաբայանը:
Ընդ որում, նա նշել է, որ այդ ձևակերպումների առաջացմանը նպաստում է թուրք - ադրբեջանական լոբբին, որը մեծ գումարներ է ծախսում իր շահերն առաջ մղելու համար:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Պետդեպարտամենտի զեկույցի այս մասը ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ՝ մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում նշվում է. <Անջատականները Հայաստանի աջակցությամբ շարունակում էին վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի յոթ հարակից տարածքները>:Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը քննարկման առարկա է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) միջազգային միջնորդական մանդատի շրջանակում: