Արմինֆո. ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:
Այսպես, կազմակերպության հաղորդագրության համաձայն, Լայչակը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է խաղաղությանը նպատակաուղղված հեռանկարների ստեղծման կարեւորությունը: Նա ողջունել է բարեփոխումների հանձնառությունը և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում ընթացիկ աշխատանքն ու հետագա քայլերը, ինչպես նաև ԵԱՀԿ և Հայաստանի բազմամյա փոխգործակցությունը: «Հայաստանում տեղի են ունենում մի շարք քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ: Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ մենք պատրաստ ենք խորացնել մեր մասնակցությունն իրենց ջանքերին աջակցելու գործում՚, - ասել է Լայչակը՝ ողջունելով Հայաստանի բարեփոխումների ծրագիրն ու համապատասխան ծրագրերի իրականացումը։
ԵԱՀԿ-ում նշել են, որ Երեւանում Լայչակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման հարցերով իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել ՀՀ քաղաքական ղեկավարության, այդ թվում ՝ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ԵԱՀԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ Լայչակն ընդգծել է կողմերի միջեւ շփումների համար կայուն համատեքստի պահպանման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը` հարգելով բոլոր սկզբունքները, միաժամանակ կոչ է արել կողմերին խուսափել թշնամական հռետորաբանությունից:
«Ես ողջունում եմ վերջին վեց ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումների թվի և զոհերի մասին հաղորդագրությունների զգալի կրճատումը։ Որպեսզի խաղաղություն հաստատվի, այն պետք է ընդունվի ժողովրդի կողմից և պատկանի նրան։ Եւ դա պահանջում է մեր ջանքերի դուրս բերում քաղաքական գործիչների շրջանակից: Բնակչությանը խաղաղության նախապատրաստելը կարեւոր եւ բարդ հարց է եւ արժանի է մեր լիակատար աջակցությանը՚, - նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Վերջում նա իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ իր անձնական ներկայացուցչի աշխատանքին: