Արմինֆո. Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը նախօրեին հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, 2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվել է դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը: Անդրադարձ է կատարվել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվել են հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը: