Արմինֆո.Սահմանին հանգիստ է, և ուշադրության արժանի ոչ մի միջադեպ չի եղել: Նախօրեին ՌԴ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով Աղդամի հատվածում հայկական ԱԹՍ խոցման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներին:
Երեկ հայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունը հերքել էին նաև Արցախի Պաշտպանության բանակում: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, ասել էր. «Տվյալ պահին այդպիսի տեղեկություն չկա: Եթե նման բան տեղի ունենա, հասարակությունը ժամանակին կտեղեկացվի այդ մասին՚:
Այսօր արդեն ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են: Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, <<պատահականորեն>> համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:
Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ՚:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե իբր փետրվարի 21-ին հայկական Х-55 մարտավարական անօդաչու թռչող սարքը փորձել է ադրբեջանական զորքերի դիրքերի հետախուզություն իրականացնել, սակայն Ադրբեջանի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները հայտնաբերել և խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը: