Արմինֆո. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռուսական ներկայությունը կարեւորագույն զսպող գործոն է, որը խոչընդոտ տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսմանը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը «Հայրենիքի պաշտպանի օրվա» առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ:
Նրա խոսքերով, Ռուսաստանի ներկայությունը նաև նպաստում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը: Տոնոյանը կարեւորել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի և Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈՒ միավորված զորախմբավորման ստեղծման շուրջ միջպետական համաձայնագրերի ուժի մեջ մտնելը: Նրա ասելով, դրա շնորհիվ տարածաշրջանում էապես աճել է հայ-ռուսական ներուժը:
Միեւնույն ժամանակ, պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ վերջին հանդիպման ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են այդ համաձայնագրերի դրույթների իրականացմանը: Նրա ասելով, Հայաստանում բարձր են գնահատում հայ-ռուսական հարաբերությունների որակական նոր մակարդակը պաշտպանական ոլորտում, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար:
Տոնոյանը նաև նշել է, որ թեև «Հայրենիքի պաշտպանի օրը՚ Հայաստանում պետական տոն չէ, բայց ապրում է տարեց զինծառայողների հիշողությունում եւ սրտերում: