Արմինֆո. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի: Այդ մասին Վանեցյանը հայտարարել է փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում:
<Խնդրում եմ չսևեռել Քոչարյանների ընտանիքի վրա: Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, որպես Ազգային անվտանգության ծառայող, ով նաև ծառայել է այդ տարիներին, չեմ կարող որևէ անձնական կամ այլ խնդիր ունենալ այդ ընտանիքի հետ>,- նշել է Վանեցյանը: Նրա խոսքով, սա արդյունքն է ծավալուն, օպերատիվ և քննչական աշխատանքի, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը բերել է նրան, որ կա հանցակազմ և քրեական գործ է հարուցվել: <Խնդրում եմ՝ մի անձնավորեք այդ հարցը, քանի որ որևէ անձնական վրեժխնդրություն չկա>,- ընդգծել է նա: