Արմինֆո. Հաշվի առնելով, որ նախկին ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիներն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ այդ երկրի նախագահն ունի բանակցային գործընթացում նրանց շահերը ներկայացնելու բոլոր լիազորությունները, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
<Սակայն, արցախահայերի շահերը ներկայացնել ոչ Իլհամ Ալիևը, ոչ Նիկոլ Փաշինյանն իրավասու չեն: Այդ պատճառով էլ բանակցություններին առանձին պատվիրակությամբ արցախցիների ներկայացվածությունն անհրաժեշտություն է, ինչի մասին բազմիցս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդպիսով՝ բովանդակային բանակցություններ կարող են վերսկսվել Երևանի և Բաքվի կողմից՝ դրանց արցախցիների մասնակցության փոխընդունելի բանաձևի համաձայնեցումից հետո միայն: Կարծում եմ՝ ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը կարող է նվիրված լինել հենց այդ հարցին>,- ընդգծել է վերլուծաբանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են հինգ անգամ: Նախարարների վեցերորդ հանդիպումը սպասվում էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, սակայն այս անգամ Մնացականյանը և Մամեդյարովն ընձեռված հնարավորությունից չեն օգտվել: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է Իլհամ Ալիևի հետ հանդիպել երեք անգամ, ըստ որում՝ բոլոր երեք հանդիպումներն էլ ոչ պաշտոնական բնույթ են կրել:
Մելիքյանի խոսքով, տարածքների խնդրի շուրջ բանակցային գործընթացի կառուցումը կառուցողական չէ, քանի որ այդ խնդիրն անհաղթահարելի խոչընդոտ է տևական խաղաղության և ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհին: Ըստ նրա, այդ ճանապարհին կան այլ միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ, որոնք կարող են արժանապատիվ կարգավորում ապահովել հակամարտության կողմերին և դրա հետևանքով բոլոր անմիջական տուժածներին:
Այս առումով, վերլուծաբանը համոզված է, որ հենց Երևանը և Ստեփանակերտը պետք է նախաձեռնություն ցուցաբերեն բանակցությունները ներկայիս փակուղուց դուրս բերելու համար: Հակառակ դեպքում հայ բանակցողները կմնան խիստ անբարենպաստ բանակցային դիրքերում՝ պայմանավորված իրենց նախորդների սխալներով ու բացթողումներով: