Արմինֆո.Եվրոպացի զինվորականների մասնակցությունը Սիրիայում անվտանգության գոտու ձևավորմանը քիչ հավանական է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը:
<Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվորեն փորձում է Եվրամիության երկրներից զինվորականներ ներգրավել Սիրիայում անվտանգության գոտու ձևավորման գործում: Այդ ուղղությամբ բանակցություններ, մասնավորապես, տարվում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ: Վաշինգտոնը հուսով է, որ ԵՄ-ն ավելի քան 1500 զինծառայող կուղարկի Սիրիա>,- նշել է նա:
Ըստ փորձագետի, Վաշինգոնում ակնկալում են, որ Սիրիայում բուֆերային գոտու ստեղծմանը եվրոպացի զինվորականների մասնակցությունը թույլ կտա իրականացնել այդ գործողությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ինչն իր հերթին կստիպի Թուրքիային միանալ դրան: Այդպիսով՝ ԱՄՆ վարչակազմը փորձում է թուրքական բանակին հետ պահել սիրիացի քրդերի նկատմամբ նոր գործողություններից:
<Այնուամենայնիվ, եվրոպացի զինվորականների տեղակայումը Սիրիայի տարածքում քիչ հավանական է թվում, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հիմնական պատճառը Եվրոպայի ներսում հակասություններն ու խնդիրներն են՝ Brexit, <դեղին բաճկոնավորների> ցույցերը Ֆրանսիայում և այլն: Կա ևս մեկ կարևոր պատճառ. ԵՄ մասնակցությունը Սիրիայում ամերիկյան գործողություններին կսրի ԵՄ և Ռուսաստանի միջև հակասությունները, ինչին Բրյուսելը հիմա չի գնա>,- ամփոփել է Վերանյանը:
Նշենք, որ փետրվարի 8-ից Սիրիայում գտնվող ՀՀ ԶՈւ 83 զինծառայողից բաղկացած զորակազմը փաստացի գտնվոմ է ռուսական խմբավորման կազմում:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտարարել էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Մոսկվան ձգտում է Սիրիայում հայ զինվորականների ավելի խորը և լայն ներկայության: Սակայն Երևանի համար արդեն գոյություն ունեցող մարդասիրական մակարդակը բավականին ծանրակշիռ փոխզիջում է: «Այդ լույսի ներքո` հայ զինվորականները պետք է դրսևորեն ծայրահեղ աստիճանի զգուշություն` Մոսկվայի կողմից նախաձեռնված որևէ մարտական գործողության մասնակցելուց խուսափելու նպատակով> ,- համոզված է վերլուծաբանը: Հայաստանի պաշտպաննության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքին համապատասխան: