Արմինֆո. Հայաստանն ու Վրաստանը համակարծիք են են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման, ինչպես նաեւ համագործակցության նոր բնագավառների բացահայտման հարցի շուրջ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիայի հետ ճեպազրույցում:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նրա խոսքերով, կարեւոր են ազգերի հազարամյա բարեկամությունը, սերտ կապերը պաշտպանական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, եւ անհրաժեշտ է շարունակել խորացնել դրանք:
Տոնոյանի ասելով, հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրվել է 2019 թվականի համագործակցության ծրագիր: Հայաստանի նախարարը նաեւ փաստել է, որ այս տարվա համագործակցության ծրագիրը ներառում էր փոխգործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ռազմական եւ ռազմաբժշկական կրթությունը, սերժանտական կազմի պատրաստությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: «Վերջում ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձ ընկալում եւ հարգանք ունեն երկկողմ առաջնահերթությունների եւ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված որոշումների նկատմամբ, ինչպես նաեւ` հավատ ապագայում ավելի բարգավաճ եւ անվտանգ Հարավային Կովկասի գաղափարի հանդեպ», - ասել է Տոնոյանը, գոհունակություն հայտնելով այն առնչությամբ, որ Վրաստանի նոր կառավարության առաջին այցը տեղի է ունեցել Հայաստան, եւ այն եղել է պաշտպանության գերատեսչության ղեկավարի մակարդակով:
Իզորիան, իր հերթին, փաստել է, որ արդյունավետ քննարկումներ է անցկացրել Հայաստանի պաշտոնակցի հետ պաշտպանական համագործակցության խորացման հարցի շուրջ: «Իմ հայ գործընկերը եւ ես ստորագրել ենք պաշտպանության ոլորտում 2019 թվականի համագործակցության ծրագիրը: Ես ուզում եմ ընդգծել մեր համագործակցության այսպիսի նոր ուղղությունը, ինչպես կարգապահության ամրապնդումը: Այս շրջանակներում վրացական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսել իր առաջավոր փորձը», - ասել է Իզորիան:
Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ վրացի զինծառայողները մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, դրանով իսկ ավանդ ներդնելով միջազգային անվտանգության ապահովման գործում: Իզորիան նաեւ ողջունել է հայ աինվորականների մասնակցությունը 2018 թվականին ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում Վրաստանում անցկացված զորավարժություններին եւ հույս է հայտնել, որ հայկական կողմն ապագայում էլ կշարունակի մասնակցությունը նման միջոցառումներին: