Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է երթ անցկացնել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 21-ին «Ֆեյսբուքի՚ իր էջից ուղիղ եթերում:
Նա, մասնավորապես, նշել է, որ երկար քննարկումների արդյունքում որոշվել է մարտի 1-ին երթ անցկացնել՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Վարչապետը նաև նշել է, որ երթը նվիրված է լինելու երկրում քաղաքացու հաղթանակին: «Մեր երթն ուղղված է լինելու, առաջին հերթին, ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների՚, - ընդգծել է Փաշինյանը, հավելելով, որ երթը նշանանավորելու է Հայաստանում քաղաքացու հաղթանակն ու իշխանությունը:
Երթը մեկնարկելու է մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ Ազատության հրապարակից: «Հայաստանի բոլոր քաղաքացիներին հրավիրում եմ մասնակցել երթին՚, - եզրափակել է վարչապետը: