Արմինֆո. Մենք մտադիր ենք հրավիրել Ռուսաստանի, Վրաստանի և Աբխազիայի մեր գործընկերներին, որպեսզի շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան քննարկել այլընտրանքային ճանապարհի ստեղծման հնարավորությունները: Այդ մասին փետրվարի 19-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշել է, որ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած ռուսական պատվիրակության Հայաստան այցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնցից մեկն այլընտրանքային ճանապարհն էր: Մելքումյանի խոսքով, քանի որ Ռուսաստանի, Վրաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները եռակողմ հանդիպման ընթացքում այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, հայ պատգամավորներն առաջարկել են ևս մեկ հանդիպում կազմակերպել Հայաստանում: <Տվյալ դեպքում խոսքը երկաթուղու մասին է, և մենք հուսով ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկման ընթացքում մենք փոխհամաձայնության կգանք>,- ընդգծել է Մելքումյանը:
Պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանը չեզոք տարածք է, ինչպես նաև շահագրգիռ կողմերից մեկը, և հանդիպման ընթացքում պարզ կդառնա, թե ինչ լուծումներ տվյալ դեպքում կարելի է գտնել: <Թեև, կուզեի նաև նշել, որ որպես այլընտրանքային ճանապարհ՝ մենք դիտարկում ենք նաև ծովային հաղորդակցությունը: Մասնավորապես, նկատի ունեմ, որ մենք կարող էինք շարունակել ճանապարհը Փոթիով կամ Իրանով: <Ռուսաստանի մեր գործընկերները մեզ աջակցելու պատրաստակամություն են հայտնել՝ ինչպես օրենսդրական ոլորտներում, այնպես էլ այլընտրանքային ծովային փոխադրումներում որոշակի օժանդակություն ցուցաբերելու>,- ընդգծել է Մելքումյանը:
Նշենք, որ փետրվաի 7-ին Ժնևում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի, Վրաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչների միջև՝
<Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին> 2011 թվի համաձայնագրի գործնական կատարման հետ կապված: Սակայն, կողմերն այդպես էլ փոխհամաձայնության չեն հանգել: Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի ԱԳՆ-ն պայմանագիր էր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կվերահսկի բեռնափոխադրումները Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ավտոճանապարհային միջանցքները կարող են օգտագործվել միայն ֆորս մաժորային իրավիճակներում:
Ռազմավիրական ճանապարհը, որի վրա է գտնվում «Վերին Լարսե անցակետը, հիմնական տրանսպորտային ուղիներից մեկն է, որը միմյանց հետ կապում է Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը: Ձմռանն այս ճանապարհին տեղի են ունենում ձնհալեր, որի պատճառով այդ ճանապարհը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների վարկանիշում: Ըստ պայմանագրի, բեռների փոխադրման համար կլինեն երեք միջանցքներ` Աբխազիայի, Լարսի և Ցխինվալի ուղղությամբ: 2011 թվականի պայմանագիրը սահմանում է աշխարհագրական կոորդինատները, այլ ոչ թե վայրերի անունները: Դա արվել է՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի առնչությամբ չեզոք մոտեցման պահպանման նպատակով: