Արմինֆո. Խոսելով հակամարտող կողմերին խաղաղության նախապատրաստելու շուրջ հաճախակիացած խոսակցությունների մասին՝ առաջին հերթին պետք է նշել այդ հարցում Ադրբեջանի խիստ հետ մնալը՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից գրեթե քառորդ դար է անցել: Եվ այդ տարիներին շփման գծում սպանությունները հերթափոխվում էին խաղաղության ձեռքբերմանն ուղղված բանակցություններով: Սակայն, անցած տարեվերջից սպանությունները, գործնականում, դադարեցին, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, Բաքուն և Երևանը սկսեցին խոսել հակամարտության կողմերին խաղաղության նախապատրաստելու մասին:
<Հետևաբար՝ հասարակությունների խաղաղության նախապատրաստման գաղափարի ցանկացած առաջմղման համար, նախևառաջ, Ադրբեջանը պետք է այդ հարցում հասնի Արցախին և Հայաստանին: Պետք է ընդգծել, որ նման խզումն Ադրբեջանի բազմամյա պետական քաղաքականության հետևանք է՝ ուղղված սեփական հասարակությունում հայատեցության սերմանմանը, այդ հողի վրա հանցագործությունների և հանցագործների խրախուսմանը, ցանկացած խաղաղապահ նախաձեռնությունների նպատակաուղղված տորպեդահարմանը, պատերազմի քարոզչությանը և այլն>,- նշել է նախարարը:
Բաքվի նման քաղաքականությունն էլ, որը հաճախ միջնորդների պատշաճ գնահատականին չի արժանանում, ըստ Մայիլյանի, շարունակում է բացասական ֆոն ստեղծել կարգավորման գործընթացի հանար: Հետևաբար՝ Բաքվի կողմից հայերի նկատմամբ անհանդուրժողականության սերմանման արշավի դադարեցումն առաջին՝ միանգամայն տրամաբանական քայլն է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ճանապարհին: Միջազգային աջակցության դեպքում, նրա կարծիքով, հնարավոր կդառնան նաև Բաքվի գործուն քայլերը՝ ադրբեջանական հասարակության համար կործանարար նման քաղաքականության հետևանքների վերացման նպատակով:
<Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, Արցախի իշխանությունները միշտ հանդես են եկել վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված նախագծերի, հումանիտար ու տնտեսական ոլորտներում անդրսահմանային համագործակցության օգտին: Դեռ 20 տարի առաջ մեր ԱԳՆ-ը միջնորդների միջոցով Բաքվին է փոխանցել վստահության միջոցների ցանկ: Մեր բոլոր առաջարկները՝ փոխշահավետ հումանիտար նախագծեր, տնտեսական համագործակցության հաստատումից մինչև խաղաղարար պայմանագրի ստորագրում, մերժվել են: Ավելին՝ արժանացել են սպառնալիքների: Այդ պատճառով խաղաղությանը նախապատրաստումը պետք է սկսել Ադրբեջանից>,- ասել է նախարարը: