Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատը շատ լավ հասկանում է, որ անգամ փոքր տարածքային զիջումները լիովին կարող են հրահրել Ադրբեջանի հերթական ագրեսիա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:
«Հայաստանում իշխանափոխությունից հետո թե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, թե հենց հակամարտող կողմերը վերստին սկսեցին խոսել ժողովուրդներին հաշտության նախապատրաստելու, փոխզիջման մասին: Ի դեպ, Երևանում միշտ էլ դիտարկել են որոշ տարածքներ զիջելու հնարավորությունը: Իմ կարծիքով, այդ մասին է խոսում թեկուզ բնակչության բացակայությունը Լեռնային Ղարաբաղին հարող շրջանների զգալի մասում: Այդուհնադերձ, Հայաստանը երբեք չի քննարկել, և, կարծում եմ, չի քննարկում զիջումների հնարավորությունը, որոնք կարող են սպառնալ սեփական անվտանգությանը` չխոսենք արդեն ղարաբաղցիների անվտանգության մասին՚, - ընդգծել է Էսկինը:
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր անցել է գրեթե քառորդ դար: Եվ այդ բոլոր տարիներին շփման գծում սպանությունները ընդմիջվել են հաշտությանը նպատակաուղղված բանակցություններով: Սակայն, նախորդ տարեվերջից սկսած սպանությունները, գործնականում, դադարել են, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, Բաքուն ու Երևանն սկսել են խոսել հակամարտող կողմերին հաշտության նախապատրաստելու անհրաժեշտության մասին:
Իսրայելցի քաղաքագետի կանխատեսմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ պատերազմի հավանականությունը, գործնականում, բացակայում է: Որպես հիմնական պատճառ նա նշում է 2016 թվականի ապրիլի լոկալ պատերազմից հետո Բաքվում այն բանի գիտակցումը, որ հակամարտության հայկական կողմերի նկատմամբ ռազմական հաղթանակն անհնար է:
Այդպիսով, Էսկինը տեսնում է միայն հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակի լոկալ սրման հնարավորություն: Սակայն, նրա գնահատմամբ, նման սցենարը նույնպես ուղղակիորեն կապված է Ադրբեջանում առկա ներքաղաքական իրավիճակի հետ: Իսկ հաշվի առնելով հարևան երկրում դիտվող ներքաղաքական կայունությունը, նրա կանխատեսմամբ, Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի և Ղարաբաղի դեմ նույնիսկ լոկալ մարտական գործողություններ նախաձեռնելու համար նախադրյալներ չկան, համենայն դեպս` այս փուլում: