Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործով քննչական գործողություններն ավարտվել են: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, հավելելով, որ տվյալ փուլում փաստաբաների թիմը ծանոթանում է քննության արդյունքներին:
Ինչպես հաղորդել է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է», - ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: